Մատչելիության հղումներ

Երևանում անհնազանդության կարճատև ակցիաներ են իրականացվում


Երևանում վաղ առավոտից անհնազանդության կարճատև ակցիաներ են իրականացվում, քաղաքացիները կարճ ժամանակով փողոցներ են փակում՝ նշելով, որ դեմ են սահմանազատմանը։

«Հողատու»՛, «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն» գրություններով պաստառներ են փակցվել Երևանի վարչական շրջաններում։

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև երեկ, փողոցներ են փակվել թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Օրվա ավարտին Ոստիկանությունից հայտնեցին, որ բերման է ենթարկվել 45 մարդ, որոնցից 33-ը՝ Երևանում: Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ նախնական համաձայնեցրել են սահմանագծի 4 առանձին հատվածները։ Սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունների համաձայն՝ սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն ապրիլի 23-ին սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։

Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

Նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները հաղորդեցին, որ հայ-ադրբեջանական սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն, երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG