Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին օգնելու պատրաստակամություն է հայտնել


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն պատասխանել է Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ընդգրկելու և 140 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի առաջարկին։

Այս շաբաթ՝ նամակ հղելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանին, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը վերջերս ստանձնած Մայք Փոմփեոն ասել է, թե բարձր է գնահատում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում Հայաստանի կրթական համակարգին աջակցելու գաղափարը։

Հայտնելով Հայաստանին օգնելու իր պատրաստակամությունը՝ ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հարցերն արագացված կարգով քննարկելու պաշտոնական ընթացակարգ չունի։

«Մենք հույս ունենք, որ այս տարի Հայաստանի կառավարությունն առաջընթաց կարձանագրի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գնահատման չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ, երբ կորպորացիայի տնօրենների խորհուրդը թեկնածուներին ընտրելու տարեկան գործընթացում կկարողանա քննարկել Հայաստանի հարցը», - գրել է Փոմփեոն։

Նշենք, որ ի պաշտոնե, ԱՄՆ պետքարտուղարը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահն է:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Մայք Փոմփեոն իր նամակում ոգևորություն հայտնելով Հայաստանի խաղաղ սահմանադրական քաղաքական եղանակով իշխանափոխության կապակցությամբ՝ հաստատել է Ամերիկայի բարեկամությունը Հայաստանի ժողովրդին և խոստացել աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ ընդհանուր շահերի առաջընթացի համար։

Հիշեցնենք, որ Հայաստանն ընդգրկված էր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում։ ԱՄՆ-ից ակնկալվում էր 235 միլիոն դոլարի օգնություն՝ հիմնականում ուղղված գյուղական վայրերի զարգացմանը։ Հայաստանը ստացավ այդ գումարի մի մասը։ 2008 թվականի մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո, ծրագրի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղարկած նամակում զգուշացրել էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան իրավունք ունի կասեցնելու կամ դադարեցնելու Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը, եթե լուրջ քաղաքական հետընթաց է տեղի ունենում։

Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակի տեքստն այդպես էլ չհրապարակվեց, չնայած այդ հարցով Գյումրիի «Ասպարեզ» ակումբը նույնիսկ դատարան էր դիմել։

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրից Հայաստանը դուրս մնաց 2008 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG