Մատչելիության հղումներ

Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ վարչապետ ընտրվելու կապակցությամբ


Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլեն, Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին, Մոնղոլիայի վարչապետ Ուխնաա Խուրելսուխը։

Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի, Ֆինլանդիայի վարչապետը Փաշինյանին մաղթել է ամենայն հաջողություններ աշխատանքում։

Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահը Հայաստանի վարչապետին մաղթել է բազում հաջողություններ՝ նշելով, որ ակնկալում է մոտ ապագայում հանդիպել նրա հետ:

«Հույս ունեմ, որ հայ-լեհական բարեկամական, պատմական հարաբերությունները, որոնք ցանկանում ենք խորացնել բոլոր բնագավառներում, շարունակելու են զարգանալ: Որպես Եվրոպայի համար տարածաշրջանում ռազմավարական կարևորություն ունեցող երկիր' Հայաստանը մեզ համար էական գործընկեր է, որը ներգրավված է քաղաքական և տնտեսական ոլորտներում թե´ եվրասիական, թե' եվրոպական համագործակցության շրջանակներում: Այն նաև երկկողմ հարաբերություններում ստեղծում է բարենպաստ մթնոլորտ նոր նախաձեռնությունների և գործողությունների համար: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը կգործադրի հնարավոր ամեն ջանք ամրապնդելու երկրի դիրքը միջազգային ասպարեզում, ապահովելու նրա անվտանգությունը, ինչպես նաև շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները», - ասված է Մատեուշ Մորավեցկիի շնորհավորական ուղերձում:

Իսկ Մոնղոլիայի վարչապետը Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և բարօրություն, Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն։

«Ակնկալում եմ մեր կառուցողական աշխատանքը՝ Հայաստանի և Մոնղոլիայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման և զարգացման ուղղությամբ։

Ձե՛րդ Գերազանցություն, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, ինչպես նաև Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն», - ասված է Ուխնաա Խուրելսուխի ուղերձում։

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի կողմից Հայաստանի վարչապետ է ընտրվել և նախագահի հրամանագրով նշանակվել մայիսի 8-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG