Մատչելիության հղումներ

Շառլ Ազնավուրը 94 տարեկան է


Շառլ Ազավուրը համերգի ժամանակ, արխիվ

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե, Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը այսօր դարձավ 94 տարեկան:

Ծննդյան օրվա կապակցությամբ Ազնավուրին շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Սիրելի Վարպետ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ինձ են միանում տիկինս և երեխաներս: Գիտեք, որ մեծացել ենք Ձեր պոեզիայի ու երաժշտության ներքո, ապրել, սիրել ու տառապել ենք Շառլի նման», - մասնավորապես ասված է Արմեն Սարգսյանի ուղերձում, որը հրապարակել է նախագահի գրասենյակը:

«Այն արվեստը, որը այսօր էլ Դուք շարունակում եք ստեղծել որպես հոգու և սրտի համադրություն, ունկնդրի համար դռներ է բացում դեպի մի աշխարհ, որտեղ հայտնվող հանդիսատեսն այլևս չի ցանկանում հեռանալ ազնավուրյան գերող մթնոլորտից ու միջավայրից: Անձամբ եմ այդպիսի զգացողություն ունեցել Ձեր համերգների և Ձեզ հետ ունեցած հանդիպումների ընթացքում: Ձեր ստեղծագործական երկարակեցությամբ Դուք կենսասիրության և լավատեսության ուղենիշ եք միլիոնավոր մարդկանց համար: Դուք նրանց ներշնչում եք հույս և հավատ սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ: Դա աներևակայելի մեծ առաքելություն է, և ես հպարտ եմ, որ հայ ժողովուրդն այդպիսի զավակ է պարգևել մարդկությանը», - գրել է Հայաստանի նախագահը՝ մաղթելով Շառլ Ազնավուրին շուտափույթ կազդուրում և վերադարձ բեմ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է․ - «Սիրելի՛ Շառլ Ազնավուր, մեր ողջ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ձեր կյանքը և գործունեությունը մարդկային տաղանդի, կամքի, աշխատասիրության հաղթանակի բացառիկ օրինակ են, որը ոգեշնչել և ոգեշնչում է միլիոնավոր մարդկանց՝ ամբողջ աշխարհում: Հայաստանի կյանքում տեղի ունեցող շրջադարձային փոփոխությունների այս ժամանակահատվածում Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է, որովհետև ապացուցում է, որ մարդկային կամքն ու հետևողականությունը չեն ճանաչում արգելքներ, և ցանկացած նպատակ հասանելի է, եթե ունես երազանք, վստահություն, համբերություն և հավատ: Հենց այսպիսի հատկանիշների շնորհիվ մեր ժողովուրդը վերականգնեց իր իշխանությունը 2018 թվականի ապրիլ-մայիսին: Եվ մենք Ձեզ անհամբեր սպասում ենք Հայաստանում: Մենք անհամբեր ենք, որ Դուք սեփական աչքերով տեսնեք և համոզվեք, որ Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը հաղթել է և կերտել սեփական տաղանդի, կամքի, աշխատասիրության, երազանքի հաղթանակը»:

Ազգային ժողովի հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի ուղերձում մասնավորապես ասված է․ - «Հարգելի պարոն Ազնավուր, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 94-րդ տարեդարձի առթիվ և ջերմությամբ հիշում Ձեզ հետ ունեցած հանդիպումներս Հայաստանում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում: Կատարողական բացառիկ արվեստի և հեղինակած շուրջ ութ հարյուր երգերի շնորհիվ Դուք վաղուց Ձեր ուրույն տեղն եք զբաղեցրել համաշխարհային երգարվեստում: Միաժամանակ ստեղծել եք էստրադային երգի ինքնատիպ և ունկնդրին այնքան հոգեհարազատ դպրոց` իրավամբ վաստակելով «մեծ շանսոնիե» կոչումը: Հայաստանում սիրում են Ձեր երգերը, ուրախությամբ հետևում են Ձեր ստեղծագործական ու բեմական հաջողություններին և հպարտանում Ձեզնով»:

«Անգնահատելի է այն հսկայական աշխատանքը, որը կատարեցիք Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի միջոցով: Իսկ «Քեզ համար, Հայաստան» երգը դարձավ գթասրտության նորօրյա ու յուրօրինակ հիմն ողջ աշխարհում», - գրել է Բաբլոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG