Մատչելիության հղումներ

Պարզվում են Ավանում տեղի ունեցած բռնությունների մասնակիցները. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ավանի վարչական շրջանի տարածքում ապրիլի 20-22-ին տեղի ունեցած բռնությունների բոլոր հանգամանքները, մասնակից անձանց ինքնությունը։

Ըստ հաղորդագրության, պարզվել է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանցից մեկի ինքնությունը։

«Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինում ստացվել և վարույթ է ընդունվել Ավանում 2018թ. ապրիլի 20-22-ին տեղի ունեցած միջադեպերի՝ քաղաքացիների ավտոմեքենաները վնասելու, «Հանրային Ռադիո» ընկերության և «Սիվիլնեթ»-ի լրագրողների գործունեությանը խոչընդոտելու, քաղաքացիական հագուստով, որոշ դեպքերում նաև դիմակավորված անձանց կողմից անկարգություններ կատարելու դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցված 6 քրեական գործ», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ կոմիտեի, նշված բոլոր քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, մշակվել է քննչական պլան և ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բռնությունների բոլոր դրսևորումները բացահայտելու ուղղությամբ։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ապրիլի 22-ին Երևանի Ավան վարչական շրջանում գործող «Ֆորդ» սերվիսի մոտ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած անձի ինքնության վերաբերյալ, ով հայտնաբերվել է և հարցաքննվել։ Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն տեղեկացնում է, որ նախաքննությունը շարունակվում է, քննության առարկա են դարձվել նշված դեպքերի վերաբերյալ առկա տեսագրությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG