Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մտադիր է ամենակոշտ պատժամիջոցները սահմանել, եթե Իրանը չփոխի իր քաղաքական կուրսը


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ելույթ է ունենում Heritage հիմնադրամում, Վաշինգտոն, 21-ը մայիսի, 2018թ․

Միացյալ Նահանգները մտադիր է Իրանի նկատմամբ աննախադեպ ճնշում գործադրել, այդ թվում` պատմության ընթացքում ամենակոշտ պատժամիջոցները սահմանել, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքական կուրսը: Այսպիսի հայտարարությամբ է հանդես Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն նախօրեին ելույթ ունենալով Վաշինգտոնում ՝ Heritage («Ժառանգություն») ոչ-կառավարական հիմնադրամում:

Պետքարտուղար Փոմփեոն շեշտել է՝ ամերիկյան պատժամիջոցները ողջ ծավալով սահմանվելու դեպքում Իրանը ստիպված կլինի պայքարել իր տնտեսության գոյությունը պահպանելու համար։

«Նախ՝ մենք աննախադեպ ֆինանսական ճնշում կգործադրենք իրանական ռեժիմի նկատմամբ։ Թեհրանում առաջնորդները չպետք է կասկածեն մեր մտադրությունների լրջության հարցում։ Պատժամիջոցները միայն կխստացվեն և կդառնան ավելի ցավոտ, եթե Իրանը չփոխի կուրսը», - ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ հավելելով, որ Վաշինգտոնը կմեղմացնի պատժամիջոցները միայն այն պարագայում, եթե տեսանելի փոփոխություններ լինեն Իրանի որդեգրած քաղաքականության մեջ։

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունները հաջորդում են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի որոշմանը՝ Իրանի և գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին։

Թրամփի գնահատմամբ «խիստ անհաջող և ձախողված» այդ պայմանագիրը նախատեսում է հետզհետե չեղարկել Իրանի դեմ տնտեսական ցավոտ պատժամիջոցները, ինչի դիմաց Թեհրանը երկարաժամկետ ապագայում հրաժարվում է ուրանի հարստացման ծրագրից:

Վեց գերտերությունները, մասնավորապես, թույլ են տվել Թեհրանին վերսկսել նավթի արտահանումները, բացի այդ՝ հանել են Իրանում ներդրումներ կատարելու արգելքը և ապա սառեցրել են Իսլամական Հանրապետության շուրջ 100 միլիարդ դոլարի գումարները արևմտյան բանկերում:

Այս պայմանավորվածությունների ընդդիմախոսների, այդ թվում՝ Թրամփի հիմնական առարկությունը ուրանի հարստացման սահմանափակումների վերացմանն է վերաբերում: Ըստ փաստաթղթի, 10 տարի անց այդ սահմանափակումները կչեղարկվեն, իսկ փորձագետների հաշվարկներով արդեն 15 տարի անց Իրանը կրկին հնարավորություն կունենա լծվելու միջուկային զենքի ստեղծմանը:

Հրաժարվելով «պատմական» անունը ստացած այդ համաձայնագրից՝ Վաշինգտոնը հայտարարել էր Թեհրանի հետ նոր համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, մինչ այդ, սակայն, առաջ քաշելով 12 պայման։

Ամերիկյան իշխանությունները մասնավորապես պահանջում են, որպեսզի Իրանը դադարեցնի ուրանի հարստացման ծրագիրը և երբեք չզբաղվի պլուտոնիումի վերամշակմամբ, բացի այդ՝ Իրանը պետք է հրաժարվի բալիստիկ հրթիռների տարածումից և հետագա փորձարկումներից, ինչպես նաև նվազեցնի ռազմական ակտիվությունը Մերձավոր Արևելքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG