Մատչելիության հղումներ

Վարչապետն սկսել է Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ քննարկումները քաղհասարակության հետ


Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ աշխատանքներն ու իր տեսլականի վերաբերյալ քննարկումներ անցկացրել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Արտահերթ ընտրություններից առաջ, այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգի վերացումից բացի, նոր կառավարությունը ցանկանում է մի շարք տեխնիկական նորամուծություններ տեսնել Ընտրական օրենսգրքում։

Կառավարության ղեկավար կազմի հետ հանդիպած «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ քննարկվում է ընտրողների մատնահետքերով գրանցման համակարգի ներդրման հարցը: «Մատների թանաքատումը կամ մատների սփրեյավորումն է: Իրականում դա այնպիսի երաշխիքներով համակարգ է, որ արդեն մնացածը երկրորդական են՝ մնացած տարբերակները», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

«Ես Վրաստանում երբ որ դիտորդություն էի անում խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ես խնդրեցի, որ իմ մատը սփրեյավորեն, և մատիս վրա տարբեր քիմիական փորձեր էի դնում՝ բենզինով, ացետոնով փորձում էի մաքրել, ու՝ ապարդյուն», - պատմեց Իոաննիսյանը:

Կրկնաքվեարկությունները բացառելու նպատակով, քննարկվում է նաև ընտրողների երկու ցուցակ կազմելու տարբերակը։ Ոստիկանությունը հնարավորության դեպքում կտրամադրի երկրից բացակայողների ցանկը, որոնք ընտրական իրավունքից չեն զրկվի, բայց կլինեն առանձին ցուցակում։

«Խնդիրը հետևյալն է՝ առանձնացնել ակտիվ և պասիվ, այսինքն՝ էն մարդիկ, ովքեր երկրում են, և էն մարդիկ, ովքեր երկրում չեն: Այսինքն՝ եթե մարդ քվեարկում է ակտիվ ցուցակով, ապա օքեյ է, եթե մարդ քվեարկում է պասիվ ցուցակով, նշանակում է, որ ինքը տրամաբանորեն պետք է դուրսը լինի, բայց հիմա դուրսը չի` լրացուցիչ վերահսկողություն և վստահություն, որ սա իրոք այս մարդն է, իրոք քվեարկում է, խնդիր չկա, թող քվեարկի, բայց վստահ լինենք, որ դա ինքն է», - նշեց Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավարը:

Մի շարք ընտրություններում դիտորդություն իրականացրած Իոաննիսյանի փոխանցմամբ՝ կառավարության հետ քննարկումներում հատուկ կարևորություն է տրվել նաև այլ անձի օգնությամբ քվեարկությունների հնարավորությունը հստակեցնելու հարցին։ Նա նկատում է՝ նախորդ խորհրդարանական ընտրություններին, պաշտոնական տվյալներով, մոտ 75 հազար քաղաքացի քվեախցիկ է գնացել այլ անձանց ուղեկցությամբ։

«Տարբեր հնարավորություններ ենք քննարկում, դրանցից մեկը բժշկի թղթի տարբերակն է: Այսինքն՝ բժիշկները տալիս են տեղեկանք, որ, այո, քո տեսությունը այնպիսին է, որ դու չես կարող ինքնուրույն քվեարկել, կամ դու այնպիսի ձեռքերի շարժունակության խնդիր ունես, որ դու չես կարող ինքնուրույն քվեարկել», - նշեց Դանիել Իոաննիսյանը:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ըստ Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավարի, ցանկանում է, որ պահպանվեն դեռևս նախորդ ընտրություններից գործող՝ ստորագրված մատյանների հրապարակման և տեղամասերը ուղիղ հեռարձակմամբ տեսանկարահանելու մեխանիզմները։

Քվեարկության ժամանակ «կարուսելի» մեխանիզմը բացառելու համար քաղհասարակությունն ու կառավարությունը մի քանի տարբերակներ են քննարկում։ «Քվեախցիկում գրիչ չկա ընդհանրապես, ուղղակի ինքը ընտրում է քվեաթերթիկը, որի վրա մեծ տառերով գրված է կուսակցության անվանումը, դնում է քվեաթերթիկը ծրարի մեջ, և վերջ: Քվեաթերթիկի վրա գրիչով թեկուզ մի հատ փոքրիկ նշում՝ քվեաթերթիկը անվավեր է: Ծրարի մեջ որևիցե իր՝ թել, հա՞, թել էին դնում, թղթիկներ էին դնում գունավոր՝ բացի քվեաթերթիկից, ծրարը դառնում է չսահմանված նմուշի», - նշեց Իոաննիսյանը:

Ձևավորել ժամանակավոր կառավարություն, կատարել օրենսդրական բարեփոխումներ ու անցկացնել արտահերթ ընտրություններ՝ սրանք, հիշեցնենք, քաղաքացիական անհնազանդության օրերին Նիկոլ Փաշինյանի՝ հեղափոխության հանգուցալուծման ծրագրային դրույթներն էին։

Ընտրական օրենգրքում փոփոխությունների նախագիծ է մշակում նաև խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժը՝ «Ծառուկյան» դաշինքը։ Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ հիմնական թիրախը ռեյտինգային համակարգն է։

«Ռեյտինգային ընտրակարգը ոչ թե կուսակցությունների բրենդների, ծրագրերի միջև ընտրություն էր, այլ՝ ռեսուրսների միջև ընտրություն էր: Այս ընտրակարգով ընտրության գնալ չի կարելի», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Զոհրաբյանը:

Հանրապետական խմբակցությունն առայժմ վաղաժամ է համարում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների կամ արտահերթ ընտրությունների անցկացման մասին խոսակցությունները, ավելին՝ կուսակցության որոշ ներկայացուցիչներ ասում են, թե դրա անհրաժեշտությունն այս պահին չեն տեսնում։

«Սահմանադրությունը և արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չի, սա ֆիքսենք», - հայտարարեց Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Առայժմ հստակ չէ, թե երբ կանցկացվեն արտահերթ ընտրությունները: Շաբաթասկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ դրանք տեղի կունենան մինչև տարեվերջ։

Նշենք, սակայն, որ արտահերթ ընտրություններ անցկացնելը վարչապետի լիազորությունների մեջ չի մտնում՝ դրա համար անհրաժեշտ է, որ խորհրդարանը երկու անգամ չհաստատի կառավարության ծրագիրը կամ վարչապետի հրաժարականի դեպքում երկու անգամ չընտրի նոր վարչապետ: Այսինքն՝ արտահերթ ընտրությունները այս պահին կախված են բացառապես Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող հանրապետականների քվեարկությունից։

Ընտրական օրենսգրքում փոփոխությունները նույնպես կատարվելու են խորհրդարանում, ընդ որում՝ պատգամավորների առնվազն 3/5-ի, այսինքն՝ 63 պատգամավորի կողմ քվեարկությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը՝ «Ելք» խմբակցությունը, խորհրդարանում ունի 9, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, Դաշնակցությունը՝ 7, Հանրապետական խմբակցությունը՝ 58 մանդատ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG