Մատչելիության հղումներ

Բաքուն քննադատում է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Բաքուն քննադատել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

«Այդ քայլը հակասում է միջազգային իրավունքին և փշրեց պաղեստինա-իսրայելական հակամարտությունը արդար ու կայուն ձևով կարգավորելու հույսերը` ճանապարհ բացելով հումանիտար աղետի համար», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ստամբուլում հրավիրված Իսլամական համագործակցության կազմակերպության նիստին:

Արտահերթ այս հավաքը նախաձեռնել էր պաշտոնական Անկարան, որը ևս խստորեն քննադատում է Վաշինգտոնի այդ որոշումը:

Երեկ ելույթ ունենալով համաժողովում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել մահմեդական երկրներին համախմբվել ու աջակցել Պաղեստինի ինքնավարությանը: «Ժամանակն է, որ մենք միասնաբար դուրս գանք Իսրայելի բռնապետության դեմ», - հայտարարել է Էրդողանը:

Հիշեցնենք, Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխվեց մայիսի 14-ին, իսկ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր անցած տարեվերջին:

Ամերիկյան դեսպանատան տեղափոխմանը հաջորդեցին արյունալի իրադարձությունները Գազայի հատվածի և Իսրայելի սահմանագծին, երբ իսրայելական զորքերի կողմից շուրջ վեց տասնյակ պաղեստինցի սպանվեց, հազարավոր մարդիկ վիրավորվեցին: Թուրքիայի նախագահը տեղի ունեցածը «ցեղասպանություն» որակեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG