Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյան․ «Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը»


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության

«Արցախը կարևորագույն նշանակություն ունի ամբողջ հայության համար. այն մեր ինքնության կարևորագույն սյուներից մեկն է։ Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը», - հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, երեկ Ստեփանակերտում հանդիպելով Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Շնորհավորելով Մնացականյանին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ Սահակյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնել նրան և հաջողություն մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և աջակցության համար՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ հստակ էր, որ առաջին այցելությունը պետք է լիներ Արցախ, ուր պետք է ստանալ անհրաժեշտ լիցքերը։

Զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ունեցած քննարկումները, եռանախագահների հետ առաջիկայում ծրագրվող հանդիպումների նախապատրաստական աշխատանքները։

Արցախի նախագահը կարևորեց Ստեփանակերտի և Երևանի միջև խորհրդակցությունների ու հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկել արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր, նախանշել դրանց լուծման ուղիները և համատեղ քայլերը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպումից հետ լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը մասնավորապես ասել է․ - «Ցանկացած մարդ, ով գտնվում է Արցախում, զգում է, որ այս շրջանում մարդիկ ապրում են յուրահատուկ պայմաններում, և դա չզգալը, անընդունելի է, անկարելի: Յուրահատուկ պայմաններ են այն առումով, որ կա վտանգ, կա հակառակորդ, կա ֆիզիկական անվտանգության հարց: Եվ մեր համախմբվածությունը և մեր միասնական ուժը վերաբերում է բոլորիս: Սա բոլորիս հարցն է: Այդ առումով է, որ չափազանց կարևոր է լինել այստեղ, զգալ այդ ոգին, այդ պատասխանատվությունը և կրել այդ պատասխանատվությունը»:

«Ուրեմն դիվանագիտական ճակատում առաջնահերթությունների շարքում լինելու է Արցախը», - այս դիտարկմանը Զոհրաբ Մնացականյանը արձագանքել է․ - «Եղել է, կա և մնում է: Լինելու է մինչև այն պահը, մինչև որ վստահ չլինենք, ինչպես որ ասացի, որ Արցախի անվտանգությունը, Արցախի զարգացումն ընթանում է իր բնականոն ուղիով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG