Նախկին լրագրող և քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժումը պայքարել է Սերժ Սարգսյանին և նրա հենարան ՀՀԿ-ին իշխանությունից զրկելու համար: Ինչպեսև Սերբիայում, Վրաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում` Հայաստանում բողոքի շարժման մասնակիցների մեծ մասը երիտասարդներ էին:
Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում միայն խթանել է հանրության զայրույթը: Թվում էր, թե նման բողոքները չափազանց լուրջ մարտահրավեր են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, ով սարսափում է իր երկրում զանգվածային անհնազանդության և գունավոր հեղափոխության մտքից: Բայց այդ դեպքում ինչո՞ւ նա չփորձեց միջամտել հայաստանյան զարգացումներին:
Foreign Affairs հանդեսի վերլուծաբան Լյուքան Ահմադ Ուեյի կարծիքով, պետք է գիտակցել, որ չնայած ավտորիտար ղեկավարի համբավին, Պուտինն ուզում է նախևառաջ ոչ թե սատարել ավտորիտար ռեժիմներին, այլ պահպանել աշխարհքաղաքական հավասարակշռությունը:
Ուկրաինա, Մոլդովա, Ղրղըզստան, Վրաստան. այս երկրներում տարբեր ժամանակաշրջաններում Պուտինը մերթ սատարել է ավտորիտար լիդերներին, մերթ ողջունել է դեմոկրատական իշխանափոխությունը և բոլոր դեպքերում օգնել է այն ուժերին, որոնք պայքարել են հակառուսական թևի դեմ:
Foreign Affairs-ի փորձագետը նշում է, որ Վլադիմիր Պուտինը հետխորհրդային տարածքում կամ որևէ այլ երկրում ավտորիտար լիդերին օգնելն ինքնանպատակ չի դարձրել և որևէ մեկին չի պաշտպանել Ռուսաստանի շահերի հաշվին:
Հայաստանի պարագայում Պուտինը, թերևս առանց մեծ հիացմունքի, այնուամենայնիվ ընդունել է Փաշինյանի հաղթանակը, քանի որ ի տարբերություն ուկրաինական դեպքերի, հայաստանյան շարժման ղեկավարը հավաստիացրել է, որ աշխարհքաղաքական ստատուս քվոն փոխելու ծրագիր չունի:
Պուտինը ժամանակին հսկայական միջոցներ է հատկացրել Վիկտոր Յանուկովիչին սատարելու համար, բայց վերջինիս քաղաքականությունը հանգեցրել է «նարնջագույն հեղափոխության», և տասը տարի անց Մոսկվան չի կարողացել կանխել Ուկրաինայում հակակրեմլյան ուժերի հաղթանակը:
Դա հաշվի առնելով, Պուտինը հասկացել է, որ Հայաստանում չափազանց ոչ պոպուլյար ղեկավարին բացահայտ աջակցելը կհանգեցնի համաժողովրդական ընդվզման:
Ակնհայտ է, որ Պուտինը դեմոկրատիայի առաջամարտիկ չէ և հնարավորության դեպքում, բնականաբար, կնախընտրեր գործ ունենալ իր պես դիկտատորների հետ: Բայց ոչինչ չի վկայում այն մասին, որ Պուտինը պատրաստ է իր շահի հաշվին օգնել մեկ ուրիշ դիկտատորի:
Երբ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել՝ Մոսկվան անդրկուլիսյան քայլերով փորձել է նպաստել «Գազպրոմի» նախկին չինովնիկ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին Հայաստանի ղեկավարումը փոխանցելու հարցում, իսկ ռուսաստանյան պետականամետ լրատվամիջոցները հայաստանյան զարգացումները որակել են որպես «Արևմուտքի սարքած հերթական մայդան»:
Բայց երբ հանրապետականները չեն կարողացել ավարտին հասցնել Կարապետյանին վարչապետ կարգելու գործողությունը՝ ռուսական մամուլն անմիջապես դադարեցրել է Նիկոլ Փաշինյանին վարկաբեկելու արշավը և սկսել է ավելի չեզոք ու զգուշավոր լուսաբանել հայաստանյան անցուդարձը:
Foreign Affairs հանդեսի վերլուծաբան Լյուքան Ահմադ Ուեյի համոզմամբ, Պուտինը հաշտվել է Փաշինյանի հաղթանակի հետ՝ գիտակցելով, որ Հայաստանում ՀՀԿ-ի կառավարությունը փրկելու ցանկացած փորձ անխուսափելիորեն կձախողվի:
Ուշագրավ են վերլուծաբանի մտորումները նաև Հայաստանում դեմոկրատիայի հեռանկարի վերաբերյալ: Ի վերջո, դեմոկրատիայի ճակատագիրը Հայաստանում կախված է ոչ այնքան Ռուսաստանի գործողություններից, որքան ներհայկական վիճակից:
Դեմոկրատիայի ձախողումները Մոսկվայի ազդեցության գոտում գտնվող պետություններում նախևառաջ պայմանավորված են ներքին հանգամանքներով:
Դրական գործոններից մեկն այն է, որ Փաշինյանը հետխորհրդային տարածքում այն քիչ թվով մարդկանցից է, ովքեր իսկապես ընդդիմադիր էին, այլ ոչ թե իշխող շրջանակներից դուրս եկած և ընդդիմության ճամբար տեղափոխված լիդերներ:
Դրական երկրորդ հանգամանքն այն է, որ Փաշինյանը չունի հզոր կուսակցություն, որն իր անունից կխոսի և հետևաբար չի կարող իշխանության մոնոպոլիա ապահովել՝ եթե, իհարկե, ունենա նման ձգտում:
Foreign Affairs-ի վերլուծաբանի համոզմամբ, Հայաստանը միայն կշահի, եթե ՀՀԿ-ն դառնա դասական իմաստով ընդդիմադիր կուսակցություն, որը մշտական հսկողության տակ կպահի նոր վարչակարգը և կծառայի իբրև դրա հակակշիռ:
Հայաստանը և հետխորհրդային հարևանները Ռուսաստանից կախումը մեղմելու կամ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական-տնտեսական գերիխխող դիրքը թուլացնելու շատ լծակներ չունեն, սակայն այդ ամենը չի կարող խանգարել այդ երկրներին իրենց սահմանների ներսում կայացնել իսկական դեմոկրատիա: