Մատչելիության հղումներ

Պուտինը կարող է անընդմեջ երրորդ անգամ առաջադրվելու իրավունք ստանալ


Վլադիմիր Պուտին և Ռամզան Կադիրով, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է անընդմեջ երրորդ անգամ առաջադրվելու իրավունք ստանալ: Այսօր պաշտոնապես Պետդումայի օրակարգ է մտել Չեչենիայի խորհրդարանի հեղինակած օրինագիծը, որն առաջարկում է փոխել Սահմանադրությունն ու վերացնել նախագահի՝ երկու անգամից ավելի առաջադրվելու արգելքը:

«Երկրի զարգացման այս փուլում հասունացել է անհրաժեշտությունը, որ միևնույն անձը կարողանա նախագահի պաշտոնում աշխատել երկու ժամկետից ավելի», - հիմնավորման մեջ նշել են չեչեն օրեսդիրները, հավելելով՝ այս փոփոխությունը պայմանավորված է Ռուսաստանի ձեռք բերած սոցիալ-քաղաքական կայունությամբ և այդ կայունությունը պահպանելու անհրաժեշտությամբ:

Ավտորիտար կառավարմամբ հայտնի ռուսաստանյան հանրապետության խորհրդարանը նաև պնդել է, թե ներկայիս դժվարին արտաքին քաղաքական իրադրության պայմաններում կարևոր է պահպանել պետական իշխանության ժառանգականությունը, և որ այդ առաջարկը ամենևին չի ոտնահարում ժողովրդավարության հիմքերը, քանի որ ժողովուրդը իրավունք է ստանում անձամբ որոշել իր երկրի ապագան:

Ավելի վաղ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, ով շուրջ տասը տարի առաջ փոխելով Սահմանադրությունը՝ ստացավ անժամկետ իշխելու իրավունք, հրապարակավ հայտարարել էր, թե ուզում է, որ Վլադիմիր Պուտինը ցմահ մնա Ռուսաստանի նախագահի պաշտոնում: «Ցանկանում եմ նախագահին, երկրի գերագույն գլխավոր հրամանատարին երկար տարիների կյանք, և որ նա ցմահ ղեկավարի երկիրը», - Թվիթերում գրել էր Կադիրովը՝ խոստանալով միշտ հավատարիմ ծառայել Պուտինին ու իրագործել նրա առաջ քաշած խնդիրները:

Անցած ամիս էլ, «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում, Չեչնիայի նախագահը պնդել էր, թե Վլադիմիր Պուտինն անփոխարինելի է, և ուղղակի անհրաժեշտ է մտածել նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին:

65-ամյա Վլադիմիր Պուտինը Ռուսաստանն առաջնորդում է արդեն ավելի քան 14 տարի, և հերթական՝ արդեն չորրորդ անգամ, նախագահի պաշտոնը ստանձնել է տասն օր առաջ: Ավելի վաղ սեփական իշխանության շարունակականությունն ապահովելու նպատակով նա չորս տարով տեղափոխվել էր կառավարություն՝ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, ապա՝ կրկին վերադարձել նախագահական:

Եթե Չեչնիայի խորհրդարանի առաջարկած փոփոխությունները ընդունվեն, Վլադիմիր Վլադիմիրովիչը, ըստ էության, կարող է առաջադրվել նաև հաջորդ՝ 2024-ին կայանալիք ընտրություններում և հաղթանակի դեպքում պաշտոնավարել մինչև 2030 թվականը: Եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, Պուտինը Ռուսաստանի նախագահի պաշտոնին հրաժեշտ կտա 78 տարեկանում:

Ի դեպ, ինքը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը, ամիսներ առաջ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է՝ երկարաձգի պաշտոնավարումը, կես կատակ-կես լուրջ ասել էր՝ դա մի քիչ ծիծաղելի է թվում:

Հարցին՝ «Դուք ինքներդ հնարավոր համարո՞ւմ եք վերադարձը նախագահական նստավայր 2030 թվականին՝ Սահմանադրությունը փոխելու միջոցով», Պուտինը պատասխանել էր․ - «Կարծում եմ՝ այն, ինչ դուք ասում եք հիմա, մի քիչ ծիծաղելի է թվում: Եկեք հաշվենք, ի՞նչ է՝ ես պետք է մինչև 100 տարեկանս այստեղ նստե՞մ, ոչ, ոչ»:

Ժխտելով նման հնարավորությունը՝ Ռուսաստանի իշխանությունները ամիսներ առաջ թույլ չտվեցին Պուտինի մոլի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնուն մասնակցել նախագահական ընտրություններին, պնդելով, թե նա չմարված դատվածություն ունի Կիրովլեսի վիճահարույց գործով: Շաբաթներ առաջ էլ, երբ Նավալնին բողոքի ցույց անցկացրեց Պուտինի երդմնակալության դեմ՝ «Նա մեր ցարը չէ» կարգախոսով, իշխանությունները բռնի ուժ կիրառեցին՝ ձերբակալելով 1600-ից ավելի ցուցարարների, այդ թվում՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն: Վերջինս այժմ 30-օրյա կալանքի է դատապարտված զանգվածային ցույցերի մասին օրենքը խախտելու և ոստիկանությանը չենթարկվելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG