Մատչելիության հղումներ

«Պարզվում են Գյումրիում տեղի ունեցած սպանության հանգամանքները. հայտարարվել է հետախուզում». ՔԿ


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ըստ կոմիտեի, մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձի դի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր տուժողների ինքնությունը, ովքեր հորեղբոր որդիներ են՝ ծնված 1981 և 1985 թթ.։

«ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1997թ.: Երիտասարդները կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներն ստացել են մայիսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նախնական քննության տվյալներով՝ վիճաբանությունն սկսվել է 15։30-ի սահմաններում՝ Գյումրիի Տերյան փողոցում՝ տուժողներից մեկի եղբոր և 1997 թ. ծնված գյումրեցու մասնակցությամբ, որի ժամանակ վերջինս ծեծի է ենթարկել տուժողներից մեկի եղբորը։ Ավելի ուշ կողմերը հանդիպել են Ղուկասյան փողոցում՝ տեղի ունեցածի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, որի ժամանակ էլ 1997 թվականին ծնված երիտասարդն ինքնաձիգից կրակոցներ է արձակել ավելի վաղ իր կողմից բռնության ենթարկված երիտասարդի եղբոր և հորեղբոր որդու ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից նրանք մահացել են», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ կոմիտեի, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 2 և 5.45 տրամաչափի 3 հատ պարկուճ, մեկ փամփուշտ, արնանման հետքեր, բջջային հեռախոսի քարտ։ Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ Գյումրի քաղաքի 1997թ. ծնված բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին` երկու կամ ավելի անձանց սպանությունը և 6-րդ՝ սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կետերի, 235-դ հոդվածի 1-ին մասի` ապօրինի կերպով ձեռք բերված զենք պահելը հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

«Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG