Մատչելիության հղումներ

Քաղաքական մեկնաբանն առաջին նախագահի մտահոգությունները «լիովին հասկանալի և ըմբռնելի» է որակում


Հակոբ Բադալյան, արխիվ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը երկրում կատարվող իրադարձությունների շուրջ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունները «լիովին հասկանալի և ըմբռնելի» է որակում։

Միևնույն ժամանակ Բադալյանն ընդգծում է՝ թեև հեղափոխական պրոցեսներից հետո կան բազմաթիվ ռիսկեր և վտանգներ, սակայն կարծում է, որ չարժե շատ հաճախ խոսել այդ մասին։

«Տեսական գնահատականով, եթե նայենք իրավիճակին, իսկապես ինչպես ցանկացած դեպքում, առավել ևս հեղափոխական պրոցեսներից հետո, կան բազմաթիվ ռիսկեր և վտանգներ, էս տեսանկյունից առաջին նախագահի մտահոգությունը լիովին հասկանալի և ըմբռնելի է, բայց մյուս կողմից, ես կարծում եմ, իրավիճակի մեծ ռիսկերի, անկառավարելիության մեծ հավանականության մասին շատ հաճախ արվող խոսակցությունները իրենք կարող են նաև հակառակ էֆեկտն ունենալ և ստեղծել էդ անկայունության տպավորություն, որ անընդհատ կան վտանգներ և այլն, և ստեղծել լարված սպասումներ։ Կարծում եմ դրա համար չարժե շատ հաճախ խոսել էդ մասին», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբանը։

Թավշյա հեղափոխությունը, Բադալյանի գնահատմամբ, այդքան էլ թույլ չէ՝ դա տեղի է ունեցել համաժողովրդական լայն աջակցության պայմաններում։

«Ես կարծում եմ, որ պետք է կենտրոնանալ ավելի շատ խնդիրների, հեռանկարների, հնարավորությունների վրա, և էդ առումով բավական հստակ էր նաև Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, որը հայտարարեց, որ «որևէ սաբոտաժ չկա», և ընդամենը կոչ արեց քաղաքացիներին՝ ըմբռնումով մոտենալ և նոր իրավիճակին ավելի համարժեք գործել», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Նշենք, որ անդրադառնալով Երևանում մի քանի օր շարունակ տարբեր սոցիալական խմբերի կողմից իրականացվող բողոքի ակցիաներին, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ մտահոգություն էր հայտնել, որ «Հայաստանում ստեղծված է մի բացառիկ վիճակ, երբ պետական մեքենան կարող է ուղղակի ջարդվել՝ երկիրը մատնելով լիակատար անկառավարելիության»։

«Սա ամենավտանգավոր իրավիճակն է ցանկացած պետության համար: Նույնիսկ բռնապետություններն այնքան վտանգավոր չեն, որքան երկրի անկառավարելիությունը, որովհետև բռնապետությունները ժամանակավոր են, վաղ թե ուշ վերանում են, բայց անկառավարելիությունը կարող է կործանարար լինել երկրի համար», - գրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ILur.am-ում հրապարակված «Պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակ» իր հոդվածում։

Բադալյանի կարծիքով՝ այսօր ամբողջ խնդիրը հետևյալն է՝ «կառավարությունն ինչքանով կկարողանա իր այդ հանրային մեծամասնությունն աստիճանաբար կապիտալիզացնել դինամիկ կառավարման»։

«Մենք ապրում ենք հեղափոխական շրջանում, և հեղափոխական շրջանի առանձնահատկություններից մեկը հենց նաև էդ արտառոց իրավիճակն է, երբ դասական քաղաքական, քաղաքագիտական շրջանակներում իրավիճակը չի տեղավորվում։ Ամբողջ խնդիրը հետևյալն է՝ կառավարությունն ինչքանով կկարողանա իր էդ հանրային մեծամասնությունը աստիճանաբար կապիտալիզացնել դինամիկ կառավարման և դինամիկ վերափոխումների տեսքով՝ ընդհուպ արտահերթ ընտրություն և արդեն լիովին նոր խորհրդարանական պատկերի ձևավորում», - ասաց Բադալյանը։

Դիտարկմանը, թե առաջին նախագահը նաև իր հոդվածում նշել էր՝ «Ազգային ժողովը հաստատելու է կառավարության ծրագիրը՝ ամբողջ պատասխանատվությունը դնելով Նիկոլ Փաշինյանի վրա, և կարծես թե հակված չէ գնալ արտահերթ ընտրությունների», Բադալյանն այսպես արձագանքեց. - «Կարծես թե Նիկոլ Փաշինյանն ինքն էլ այդպես չի շեշտադրում կամ պնդում, որ անպայման պետք է ծրագիրը մերժվի, որպեսզի գնան արտահերթ պրոցեսի։ Այսինքն՝ այնտեղ միայն Հանրապետականի դիրքորոշման խնդիրը չէ։ Փաշինյանն այլևս ունի որպես գործադիր իշխանություն կայանալու և բյուրեղանալու, իրավիճակն ամբողջապես վերահսկողության տակ վերցնելու խնդիր, և այդ տեսանկյունից արդարադատությունը պետք է լինի քաղաքական համաձայնության հարց, առավել ևս, որ կան մի շարք խնդիրներ՝ համակարգային օրենքների փոփոխության տեսքով, որովհետև, եթե էդ օրենքները չեն փոխվում, արտահերթ ընտրությունը մեծ հաշվով դառնում է անիմաստ։ Էդ տեսանկյունից կարծում եմ, որ մեծ խնդիր չէ, եթե կառավարության ծրագիրը չի մերժվում և արտահերթ ընտրության էդ տարբերակը չի աշխատում։ Ի վերջո կարծում եմ, որ գործադիր իշխանության գնացող թավշյա հեղափոխության առաջնորդների համար դա չպետք է որ լինի անակնկալ, և նրանք պետք է որ պատրաստ լինեին սցենարների մի քանի տարբերակի, այդ թվում՝ նաև էդ սցենարին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG