Մատչելիության հղումներ

Հին պահանջներ՝ նոր վարչապետին


Բաղրամյան 26-ի առջև այսօր միաժամանակ երկու բողոքի ակցիա էր: Տաքսու վարորդներն ու զինկոմիսարիատների աշխատակիցները պահանջում էին, որպեսզի ուղիղ 8 օր վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանը լուծի նախկին կառավարության օրոք կուտակված իրենց խնդիրները:

Շուրջ 30 րոպե Բաղրամյան փողոցը փակ պահած տաքսու վարորդները պահանջում էին զրոյացնել լիցենզիաների համար չվճարված պարտքերը, տեսախցիկների, արագաչափերի տույժերն ու տուգանքները:

Բաղրամյան 26-ից տարբեր աշխատակիցներ դուրս եկան, լսեցին տաքսու վարորդների բարձրացրած խնդիրները, այնուհետև իջան Կառավարության շենք՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանդիպելու համար: Կառավարության շենքի բակում նրանց դիմավորեց Կապի ու տրանսպորտի նախարարության Տրանսպորտի վարչության պետ Դավիթ Մելքոնյանը և ուղեկցեց նախարարություն: Նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց վարորդներին, լսեց բարձրացրած խնդիրներն ու առաջարկեց դրանք գրավոր ներկայացնել, ընդգծելով՝ դրանք շուրջ 10 տարվա խնդիրներ են, ինքը պետք է մանրամասն ծանոթանա ու փորձի դրական լուծում տալ: - «Ասել, որ այսօր, մի ժամվա մեջ, մի շաբաթվա մեջ էդ հարցը կլուծվի՝ մի քիչ խելքին մոտ չի, բայց ձեր գրածի հիման վրա կհանդիպենք, կտեսնենք ինչ ուղի ենք տեսնում, ինչքան ժամանակահատված է, ու կփորձենք տեսնենք ինչ ենք կարողանում անել»:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասաց՝ մեզանից շատերը կարող են լինել ձեր նախարարության աշխատակազմում․ - «Մենք ուզում ենք անպայման, որպեսզի այդ ոլորտի աշխատավոր ուժից ներգրավված լինեն Ձեր կողքին՝ և՛ խորհրդական կլինի, և՛ օգնական կլինի, և՛ տեղակալ կլինի»:

Նախկին կառավարության որոշումներից մեկը՝ Հանրապետությունում զինկոմիսարիատների օպտիմալացումը, Հանրապետության տարբեր մարզերից Երևան էր բերել զինկոմիսարիատների աշխատակիցներին: Կառավարությունից նրանց ուղարկեցին ՊՆ, այստեղ վերջիններիս լսեց ՀՀ գլխավոր զինկոմ Հենրիկ Մուրադյանը: Քիչ անց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն տարածեց, ըստ որի նորանշանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ծանոթացել է խնդրին և հանձնարարականներ տվել օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքները շարունակելու վերաբերյալ: Նախարարը նաև հանձնարարել է 1 շաբաթում համապատասխան առաջարկներ և լուծումներ ներկայացնել՝ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ:

Զինվորական կոմիսարիատների աշխատակիցներին այս պատասխանը չբավարարեց, նրանք հանդիպեցին նաև փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ: Փոխվարչապետն ասաց՝ ստացել է հավաստիացումներ, որ մարդիկ առանց աշխատանքի չեն մնա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG