Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունում ողջունում են ԱՄՆ նախագահի` ՀՀ վարչապետ Փաշինյանին հղած ուղերձը


Հայաստանի կառավարության գլխավոր մասնաշենքը, Երևան

Հայաստանի կառավարությունում ողջունում են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձը: Այսօր «Ազատության» հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցրեց՝ հայ-ամերիկյան հարաբերությունների էլ ավելի բարելավումն անխուսափելի է:

«Դա ողջունելի է: Ես կարծում եմ՝ սա խոսում է բոլորովին նոր որակի իշխանության մասին և աշխարհի [կողմից] այդ իշխանության ընկալման մասին: Ինչ վերաբերում է Հայաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերութունների որակի բարելավմանը, ես կարծում եմ՝ դա անխուսափելի է: Վստահ եմ, որ բոլոր երկրների, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները զարգանալու լրջագույն պոտենցիալ ունեն»,- ասաց Աղաջանյանը, հավելելով՝ Հայաստանը ևս պատրաստ է ԱՄՆ-ի նախագահի կողմից նշված բնագավառներում համագործակցել՝ «կարծում եմ մեսիջը հստակ է»:

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն, Սպիտակ տան ղեկավարն իր ուղերձում, մասնավորապես նշել է. «Անհամբերությամբ եմ սպասում մեր համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, այդ թվում` առևտրի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ոլորտներում:

Առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական բոլոր ուժերի համախմբումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան: Լավագույն մաղթանքներս Ձեզ և հայ ժողովրդին»:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ն այդպես էլ չշնորհավորեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, թեև ՀՀԿ առաջնորդը հասցրեց մեկ շաբաթ պաշտոնավարել որպես Հայաստանի վարչապետ:

Հինգ տարի առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերընտրվելու կապակցությամբ: Սակայն 2008-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերն այդպես էլ չնշորհավորեց Սարգսյանին․ հիշեցնենք՝ նախագահական ընտրություններին հաջորդել էին մարտի 1-ի արյունալի իրադարձությունները:

ԱՄՆ նախագահ Բուշ կրտսերը չէր շնորհավորել նաև Ռոբերտ Քոչարյանին, ով 2003 թվականին վերընտրվել էր Հայաստանի նախագահի պաշտոնում: Փոխարենը՝ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը Քոչարյանին շնորհավորել էր 1998-ին, երբ նա առաջին անգամ ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: ԱՄՆ նախագահների կողմից Հայաստանի ղեկավարներին հղված շնորհավորական ուղերձների պատմությունը սկսվում է 1991 թվականից, երբ Ջորջ Բուշ ավագը շնորհավորեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

«Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը վկայում է, որ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի միջազգային լեգիտիմության բարձր մակարդակ:

«Ի դեպ, սկզբից Պետդեպն էր շնորհավորել, ավելի ուշ՝ Սպիտակ տան մակարդակով շնորհավորեցին, մեկ շաբաթ անց: Եթե համեմատենք Ալիևի հետ, նրան երեք շաբաթ հետո շնորհավորեցին: Սա նշանակում է հիմնականում դրական արձագանք Միացյալ Նահանգների կողմից և՛ գործընթացին, և՛ հետագա համագործակցության համար մեծ պատուհան է բացվում: Համոզված եմ, որ բոլոր ուղղություններում հարաբերությունների բարելավման շատ բարձր մակարդակ է լինելու»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG