Ինչպես հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, «հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, մայիսի 14-ից մեկնարկել են օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց, ըստ առանձին փուլերի և ստացված խնդիրների, ներգրավված են Զինված ուժերի և Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր»:
Զորախաղերը անմիջականորեն վերահսկում են ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Երեկ բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում, ուժեղացված գումարտակի կազմով, խաղարկվել է մարտավարական զորավարժության՝ մարտական հրաձգությամբ ուղեկցվող կարևորագույն փուլերից մեկը: Խաղարկվել է պայմանական հակառակորդի ակտիվ կրակային ազդեցության պայմաններում պաշտպանողական մարտի սցենար, ըստ որի՝ հայկական ուժերը անցնում են հակագրոհի և, ջախջախելով հակառակորդին, վերականգնում առաջնագիծը, ասված է հաղորդագրությունում:
Զորավարժության ընթացքում հաջողությամբ փորձարկվել և կիրառվել են նաև մի շարք նոր զինատեսակներ, որոնք բարձրացրել են կրակային խոցման արդյունավետության աստիճանը, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչություն: