Մատչելիության հղումներ

Փաշինյանը, Միրզոյանը, Միքայելյանը ձերբակալվել էին ապօրինի հավաքներ անցկացնելու համար. գլխավոր դատախազ


Համաժողովրդական շարժման օրերին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը ձերբակալվել են ապօրինի հավաքներ կազմակերպելու, իրականացնելու համար, այսօր Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Մարուքյանը մասնավորապես հետաքրքրվեց Դավթյանից, թե ի՞նչ փուլում են գտնվում Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի ձերբակալման, Նիկոլ Փաշինյանի առևանգման գործերը։

«Նիկոլ Փաշինյանի առևանգման, որովհետև նրա տեղն այդպես էլ մեզ չի ներկայացվել, մենք հնարավորություն չենք ունեցել այցելելու նրան։ Ի՞նչ փուլում է այս քրեական գործը, ինչի՞ համար են նրանք ձերբակալվել և ի՞նչ միջնորդություն եք ներկայացրել Ազգային ժողով՝ նրանց անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, հետո ի՞նչ է եղել այդ միջնորդությանը, ո՞ւր է այդ միջնորդությունը, ի՞նչ է արվել այդ միջնորդության հետ, մարդիկ արդյո՞ք պետք է պատասխան տան դրա հետ կապված, թե՞՝ ոչ», - հարցրեց Մարուքյանը։

Գլխավոր դատախազը պարզաբանեց՝ Ազգային ժողովի կողմից վերջերս կատարված օրենսդրական փոփոխությամբ սահմանվել է, որ ձերբակալված անձն անմիջապես զանգի իրավունք ունի՝ տեղեկացնելու իր գտնվելու վայրը, այդ նույն նորմով սահմանված է մի առանձին բացառություն, որ անհրաժեշտության՝ բավարար հիմքերի առկայության դեպում վարույթ իրականացնող քննիչն իր վերադասի համաձայնությամբ կարող է այդ իրավունքը երկարաձգել 12 ժամով։

«Որքանով ինձ հայտնի է, այդ ժամային ամբողջ ընթացքը պահպանվել է, դրանից հետո ապահովվել է տեղի վերաբերյալ հետագա հաղորդում ներկայացնելը։ Իմ կողմից նշված փաստով հարուցված քրեական գործով ձեռք բերված նյութերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել Ազգային ժողով, մենք հրապարակել ենք դա, բայց միջնորդությունը ներկայացվել է պատգամավորներից միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, այնուհետև արդեն ամբողջ հանրությանը հայտնի իրադարձությունները տեղի ունեցան, այդ ժամանակվա վարչապետի պաշտոնակատարը գրավոր դիմեց ինձ համապատասխան հիմնավորումներով պայմանավորված՝ ստեղծված իրավիճակի, լարման, և այլնի հաղթահարման հետ կապված, այդ հարցով չնախաձեռնել խորհրդարանում քննարկումներ, որի պայմաններում իմ կողմից նամակ է հղվել ԱԺ նախագահին, որպեսզի այդ հարցն օրակարգից հանվի և քննության չառնվի, և ըստ էության նրանք նույն օրը ձերբակալումից ազատ են արձակվել», - ասաց գլխավոր դատախազը։

Հիշեցնենք՝ ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, և Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց ընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին: Նշենք, որ մոտ 24 ժամ անհայտ մնաց Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG