Մատչելիության հղումներ

The Washington Post․ Հեղափոխությունը Հայաստանում՝ ժողովրդավարության համաշխարհային մասշտաբի հաղթանակ


Հայաստան - Մայիսի 8-ի հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում
Հայաստան - Մայիսի 8-ի հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում

The Washington Post-ի խմբագրակազմի անունից շաբաթ օրը հրապարակված հոդվածում հայաստանյան թավշյա հեղափոխությունը դիտարկվում է ժողովրդավարության համաշխարհային մասշտաբի հաղթանակի տեսանկյունից:

Հեղինակավոր պարբերականի խմբագրակազմը նշում է, որ Freedom House-ի ուսումնասիրությունները վկայում են վերջին տարիների ընթացքում ամբողջ աշխարհում ժողովրդավարության նահանջի մասին, մասնավորապես՝ Եվրասիական և Հարավասիական տարածաշրջաններում, որտեղ Ռուսաստանն ու Չինաստանը 21-րդ դարի համար աշխատունակ բռնապետական մոդելներ են թելադրում: Այնպես որ, Հայաստանում և Մալայզիայում կոռուպցիայի և ավտորիտար կառավարման դեմ տեղի ունեցած զանգվածային ըմբոստությունները ծայրահեղ անհրաժեշտ լավ լուրեր են, գրում է հեղինակավոր պարբերականը, հիշեցնելով, որ անցած երեքշաբթի Հայաստանի խորհրդարանի քվեարկությամբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, չնայած 105-տեղանոց խորհրդարանում նրա խմբակցությունն ընդամենը 9 մանդատ ունի:

«Օրենսդիր մարմինը ստիպված էր գնալ այդ քայլին, երբ հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան Երևանի փողոցներ: Պարոն Փաշինյանը իր հաղթանակը անթաքույց կոչեց «թավշյա հեղափոխություն»՝ տերմին, որն անեծք է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանության համար», - նշում է ամերիկյան պարբերականը: Ամեն դեպքում, Պուտինը, ում ռեժիմը երկար ժամանակ խիստ կերպով վերահսկում էր Հայաստանը, ինչը The Washington Post-ը համեմատում է «Հայաստանի վզին գցած պարանի» հետ, անհրաժեշտ համարեց շնորհավորել Փաշինյանին, ասված է հրապարակման մեջ:

Հաջորդ օրը ևս մեկ ցնցում տեղի ունեցավ, շարունակում է թերթը: Մալայզիայի ընտրություններում, չնայած իշխող կուսակցության օգտին արված մեծ կեղծիքներին, այնուամենայնիվ հաղթանակ տարավ ընդդիմադիր կոալիցիան՝ 92-ամյա նախկին վարչապետ Մահաթիր Մոհամադի գլխավորությամբ: Երկրի արդեն նախկին վարչապետ Նաջիբ Ռազաքը, չնայած խոշոր կոռուպցիոն մեղադրանքներին, թվում էր՝ վստահ էր, որ կպահպանի իշխանությունը, սակայն տապալվեց, և 1957 թվականին անկախացումից հետո Մալայզիայում առաջին անգամ իշխող կուսակցությունը պարտություն կրեց, կորցրեց իշխանությունը:

Ըստ The Washington Post-ի՝ Հայաստանի և Մալայզիայի իրադարձությունները հիշեցնում են 1980-90-ականների ժողովրդավարական բռնկումները, երբ «ժողովրդի իշխանության» հեղափոխությունները գահընկեց արեցին որոշ բռնակալների, իսկ մի քանի բռնակալներ տապալվեցին ընտրությունների անկանխատեսելիությունը թերագնահատելու պատճառով:

«Նրանք, ամենայն հավանականությամբ, անհանգստացում են հարևան երկրների իշխողներին՝ Ադրբեջանից մինչև Թայլանդ, որոնք կարծում են, թե կարող են կանխել նման ցնցումները՝ ճնշելով ոչ-կառավարական խմբերին և անկախ մամուլին», - գրում է ամերիկյան պարբերականը:

«Չնայած իր զուսպ արձագանքին, Պուտինը տագնապի պատճառ ունի՝ նախկին Խորհրդային Միության ցանկացած երկրում ժողովրդավարության որևէ հաղթանակ կարող է օրինակ լինել Ռուսաստանի փոփոխության համար», - նշում է The Washington Post-ի խմբագրակազմը՝ շարունակելով, որ «42-ամյա նախկին լրագրող և քաղբանտարկյալ Փաշինյանը, ոտքով կտրելով երկիրը, բողոքի բունտ բարձրացրեց վարչապետի պաշտոնի միջոցով իշխանությունը պահել ցանկացող նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ իշխանությունը պահելու մանևր, որն արել էր Պուտինը»:

Ընդդիմադիր առաջնորդն ասել է, որ կպահպանի Ռուսաստանի հետ Հայաստանի համաձայնությունները, սակայն նրա պայքարը կոռուպցիայի դեմ և ժողովրդավարական ընտրություններ անցակացնելու ձգտումները իրենց էությամբ հակասում են պուտինիզմին, գրում է The Washington Post-ը՝ ընդգծելով. - «Եթե նրանք [Նիկոլ Փաշինյանն ու Մահաթիր Մոհամադը] կարողանան գոյատևել ու հաջողության հասնել, ապա կարող են հույսի ճառագայթ դառնալ քաղաքական այս մութ դարաշրջանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG