Մատչելիության հղումներ

Համահայկական նվագախումբը հանդես կգա «Վերածննդից հաղթանակ» համերգով


Այս երեկո Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Վերածննդից հաղթանակ» խորագրի ներքո տեղի կունենա Համահայկական նվագախմբի համերգը՝ մենակատարների և Հայաստանի լավագույն երգչախմբերի մասնակցությամբ:

Աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ երաժիշտներից բաղկացած Համահայկական նվագախումբը, հիշեցնենք, հիմնադրվել է 2016 թվականի վերջին և առաջին անգամ հանդես է եկել 2017 թվականի ապրիլի 24-ին ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով:

Իսկ այս տարի էլ, ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Համահայկակական նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը, երաժիշտների ցանկությամբ նվագախումբն իր առաջին համերգով հանդես է եկել մայիսի 9-ին Արցախում:

«Առաջին համերգը ամսի 9-ին ունեցանք Ստեփանակերտի հրապարակում: Բացօդյա համերգ, շատ շքեղ, մոտ 250 մասնակիցներով, որովհետև, բացի Համահայկական նվագախմբից, որի կազմում 20 երկրներից ժամանած մոտ 50 երաժիշտներ են, միացան նաև հայաստանյան նվագախմբերի երաժիշտները: Նաև միացավ Արցախի ջազ նվագախումբը, պարի պետական անսամբլը, երկու երգչախմբերը, «Հովեր» երգչախումբը: Այսինքն իսկապես տոնակատարությունը ստացվեց: Ընտրված էր ավելի հանրամատչելի երաժշտություն»:

Համերգը ղեկավարել են Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Էդվարդ Թոփչյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավար Վահան Մարտիրոսյանը և Արցախի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Գևորգ Մուրադյանը:

Իսկ այս երեկո Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում կայանալիք համերգը Էդվարդ Թոփչյանի ու Վահան Մարտիրոսյանի հետ միասին կղեկավարի նաև Սերգեյ Սմբատյանը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը:

Ծրագրում ընդգրկված են հայ դասական և ժամանակակից լավագույն կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Ծրագիրը մի փոքր այլ կլինի: Դարձյալ կլինի հաղթական, դարձյալ մեր հաղթանակներին նվիրված», - ասաց Սիրունյանը:

Խոսելով նվագախմբի հետագա ծրագրերից՝ նա ասաց․ - «Հիմա մի քիչ բաներ է փոխվել մեր երկրում, և չեմ կարող հստակորեն ասել, թե շարունակությունը ինչպիսին կլինի: Սակայն նախնական պայմանավորվածություն ունեինք արդեն Լոս Անջելեսի հետ, որպեսզի այնտեղից հայ երաժիշտները միանան, և այստեղից Եվրոպայից և Երևանից՝ մյուս երաժիշտները, և միասին համերգ ունենանք»:

«Նվագախումբը միասնության գաղափարի շուրջ է ձևավորվել», - շարունակեց Ռուզան Սիրունյանը: - «Նպատակն այն էր, ու այն երաժիշտները, որ ժամանակի ընթացքում Հայաստանից հեռացել էին կամ ընդհանրապես ծնվել էին արտերկրներում և նվագում էին շատ հեղինակավոր նվագախմբերում․․․ միասնություն գաղափարի շուրջ էր ամեն ինչը: Նաև նոր ծրագրեր են մշակվում: Անցած տարվանից հետո մենք ունեցել ենք երաժիշտներ, որոնք կվարտետներով, կվինտետներով տարբեր երկրներում ելույթներ են ունեցել: Այսինքն, ընկերական և բարեկամական հարաբերություններ են ձևավորվում մասնագիտական և հայ լինելու հիմքի վրա: Ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք՝ պահպանելու այս նվագախումբը, որովհետև բավականին դժվարությամբ ենձ ձեռք բերել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG