Մատչելիության հղումներ

Արդարադատության ներկա և նախկին նախարարները հանդիպել են ԱՆ աշխատակազմի ներկայացուցիչների հետ


Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել են Արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներին:

Ըստ հաղորդագրության, Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Արտակ Զեյնալյանի պրոֆեսիոնալիզմն ու վստահեցրել, որ սատարելու է նախարարի կողմից իրականացվելիք ծրագրերը:

Դավիթ Հարությունյանը նշել է, որ նախարարության ներկայիս թիմը կատարել է ծավալուն աշխատանք, իսկ մեկնարկած ծրագրերից շատերն ընթացքում են:

«Վստահ եմ, որ նախարարն այն հաջողությամբ կշարունակի, նաև վստահ եմ, որ նոր խնդիրներ ու հարցադրումներ են լինելու», - ասել է Դավիթ Հարությունյանն ու նախարարին և աշխատակազմին հաջողություն մաղթել սպասվելիք գերլարված աշխատանքում՝ ընդգծելով, որ նախարարության հաջողությունը լինելու է նաև իր հաջողությունը:

Նախարար Զեյնալյանը ողջունել է Արդարադատության նախարարության աշխատակազմին և նշել, որ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնցից պետք է քաղել առավելագույնը և թույլ չտալ կորուստներ:

«Հայաստանի վարկանիշը մեր աշխատանքով ու ջանասիրությամբ բարձրացնելու լայն հնարավորություն է տրված այս պահին», - ասել է նորանշանակ նախարարն ու բոլորին հաջողություն ցանկացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG