"Роснефть" նավթային ընկերության փոխնախագահ Միխայիլ Լեոնտևը պաշտոնապես ներողություն է խնդրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այդ մասին հաղորդում է РИА "Новости" գործակալությունը: Ռուսաստանյան լրատվամիջոցի տեղեկություններով` այդ փաստը հաստատել է ինքը Լեոնտևը:
«Այո, ես նման նամակ ուղարկել եմ, նաև այն պատճառով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել: Ես "Роснефть"-ի անունից որևէ հայտարարություն չեմ հնչեցրել: Ընկերությունը այդ ամենի հետ որևէ կապ չունի», - գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է Լեոնտևը` հավելելով. - «Ես այդ նամակն ուղարկել եմ, քանի որ ընդունում եմ, որ իմ որոշ հայտարարություններ այնքան էլ կոռեկտ չէին և չափազանց կտրուկ էին: Այս կամ այն գործընթացի հանդեպ մոտեցումների տարբերությունը չի կարող կոպտության արդարացում լինել»:
Հիշեցնենք, "Роснефть"-ը ուրբաթ երեկոյան հայտարարության է տարածել, որում շեշտել է, որ ընկերության փոխնախագահի՝ Հայաստանին վերաբերող սկանդալային հայտարարությունները «որևէ առնչություն չունեն "Роснефть" նավթային ընկերության` Հայաստանի հետ համագործակցությանը վերաբերող մոտեցումների հետ»: