Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:
«Գիտակցում եմ, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարությունում ներկայացնելու հարկ չկա, քանի որ նա երկար տարիներ աշխատել, ծառայել է ՊՆ-ում, զինված ուժերում և համոզված եմ, որ բոլորդ նրան շատ ավելի լավ գիտեք, քան ես կարող եմ ներկայացնել: Ուզում եմ ընդգծել, որ այս նշանակումն, ըստ էության, արտահայտում է այն քաղաքականությունը, որ մենք պատրաստվում ենք վարել զինված ուժերի զարգացման ուղղությամբ: Մեզ համար կարևոր է եղել, որ կառավարության փոփոխության պրոցեսը լինի օրգանական, և զինված ուժերը քաղաքական որևէ ցնցման ազդեցություն չզգան»,- ըստ կառավարության մամլո ծառայության, նշել է վարչապետը:
«Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ավելացրել, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ հոգերահարազատ միջավայր՝ պաշտպանության նախարարություն: Նորանշանակ նախարարը նշել է, որ սեղմ ժամկետներում օրենքով սահմանված կարգով կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: