Մատչելիության հղումներ

Թուրքիայում «լուրջ չեն վերաբերվում» ՄԱԿ-ի հանձնակատարի հայտարարություններին


Թուրքիա - Ենթադրյալ դավադիրների զանգվածային ձերբակալություն Կայսերիում, ապրիլ, 2017թ․
Թուրքիա - Ենթադրյալ դավադիրների զանգվածային ձերբակալություն Կայսերիում, ապրիլ, 2017թ․

Պաշտոնական Անկարան քննադատել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին ու պնդել, թե Թուրքիայում նրա հայտարարություններին լուրջ չեն վերաբերվում: ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան՝ Զեիդ Ռաադ ալ Հուսեյնը, երեկ կոչ էր արել Ռեջեփ Էրդողանի վարչակազմին վերացնել արտակարգ դրությունն ու հունիսին նախատեսված արտահերթ ընտրություններն անցկացնել բնականոն պայմաններում:

«Դժվար է պատկերացնել վստահելի քվեարկության կազմակերպումը մի միջավայրում, որտեղ իշխող կուսակցության քննադատներն ու մրցակիցները խստագույն պատիժների են արժանանում», - հայտարարել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն ու հավելել․ - «Անցած երկու տարիներին մեկը մյուսի ետևից երկարաձգելով արտակարգ դրության ռեժիմը՝ Թուրքիայի իշխանությունը էականորեն նվազեցրել է ընդդիմադիրների հնարավորությունները»:

Ի պատասխան, Անկարան հակադարձել է՝ այդ պնդումները որևէ հիմք չունեն, արվել են միայն քաղաքական շարժառիթներով, և Թուրքիայում դրանց լուրջ չեն մոտենում: «Արտակարգ դրության ռեժիմը որևէ կերպ չի խոչընդոտում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը», - պնդել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ հավելելով․ - «Սա հարկադրված ու անհրաժեշտ քայլ է, որի իրավունքը տրված է յուրաքանչյուր պետության՝ միջազգային օրենքներով ու նորմերով»:

Շաբաթներ առաջ, հայտարարելով, թե գնում են արտահերթ համապետական ընտրությունների, Թուրքիայի իշխանությունները յոթերորդ անգամ անընդմեջ երկարաձգեցին 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրությունը, ինչը նշանակում է, որ նախընտրական արշավը ևս անցնելու է խոսքի ու հավաքների ազատության, ինչպես նաև մի շարք այլ հիմնարար իրավունքների սահմանափակման պայմաններում:

«Թուրքիայի ժողովրդի շահերից է բխում, որ երկրի սահմանադրական կարգը լիովին վերականգնվի, հիմնարար ազատություններն ու իրավունքներն էլ լիովին հարգվեն», - հայտարարել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը, ով ավելի վաղ հրապարակավ քննադատել էր Ռեջեփ Էրդողանի վարչակազմին զանգվածային ձերբակալությունների, կամայական պատժամիջոցների, խոսքի ու հավաքների ազատությունը սահմանափակելու համար:

Երկու տարի առաջ Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձից հետո պետական համակարգի ավելի քան 140 հազար աշխատակից է պաշտոնանկ արվել, այդ թվում՝ դատավորներ, ուսուցիչներ ու գիտնականներ, փակվել է ավելի քան 1300 հիմնադրամ ու ընկերակցություն: Էրդողանի վարչակազմը վերջիններիս մեղադրում է հեղաշրջման փորձին աջակցելու կամ Քրդական աշխատավորական կուսակցության հետ գաղտնի կապեր ունենալու մեջ, արևմտյան իրավապաշտպանները, սակայն, պնդում են՝ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակն օգտագործելով՝ Թուրքիայի նախագահն իրականում քաղաքական դաշտը մաքրում է անցանկալի գործիչներից:

Առաջիկա ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում Էրդողանը կունենա շատ ավելի ընդլայնված լիազորություններ՝ ըստ Սահմանադրության վերջին փոփոխությունների, և կարող է Թուրքիան կառավարել, ըստ էության, ևս տասը տարի՝ մինչև 2029 թվականը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG