Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցական հեռագիր է հղել Դոքմեջյանների ընտանիքին` Ջորջ Դոքմեջյանի մահվան կապակցությամբ:
«Հայոց ցեղասպանությունը վերապրած ծնողների զավակ Ջորջ Դոքմեջյանը Միացյալ Նահանգներում տպավորիչ հաջողությունների հասած մեր հայրենակիցների լավագույն ներկայացուցիչն է: Նրա փայլուն քաղաքական կարիերան, որի արդյունքում նա դարձավ ԱՄՆ-ում ամենանշանավոր հայազգի պետական այրը, ոգեշնչել է հազարավոր երիտասարդ ամերիկահայերի, ինչպես նաև հպարտության առարկա դարձել Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար», - ասված է ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի գրասենյակը:
«Երկու անգամ անընդմեջ զբաղեցնելով Կալիֆորնիայի նահանգապետի պատասխանատու պաշտոնը՝ Ջորջ Դոքմեջյանն իր ողջ տաղանդը, աշխատասիրությունն ու օրենսդիր գործունեության երկու տասնամյակների փորձն անմնացորդ ներդրեց հանուն նահանգի զարգացման և բարգավաճման: Նրա շնորհիվ Կալիֆորնիան, ի թիվս այլ նվաճումների, զգալի առաջընթաց արձանագրեց հանրային անվտանգության ոլորտում: Ջորջ Դոքմեջյանի հարուստ ժառանգությունը դեռ երկար տարիներ կուղղորդի և կառաջնորդի քաղաքական գործիչների բազում սերունդների», - իր ուղերձում գրել է Արմեն Սարգսյանը:
«Վշտի և կորստի այս ծանր պահին իմ զորակցությունն եմ հայտնում ձեզ՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն: Ջորջի ազնիվ և պայծառ կերպարը միշտ վառ կմնա մեր հիշողությունների մեջ», - ասված է Հայաստանի նախագահի ցավակցական հեռագրում:
Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը վախճանվել է մայիսի 8-ին, 89 տարեկան հասակում: