Մատչելիության հղումներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է իրանահայ 18-ամյա Իլեն Ռոստամիին, ով ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառած հատուկ միջոցի հետևանքով դեմքի լուրջ վնասվածք էր ստացել։

Աղջիկը վիրահատվելու համար Իրան էր մեկնել, իսկ վերադառնալուց հետո շարունակել էր մասնակցել Փաշինյանի առաջնորդած ցույցերին ու քաղաքացիական անհնազանդության գործողություններին:

«Ազատության» հետ զրույցում Իլենն ասել էր, որ համաժողովրդական շարժման հաղթանակից հետո մեկ ցանկություն ունի՝ տեսնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա հետ լուսանկարվել: Արձագանքը ստացավ այսօր։ Ասում է՝ չէր էլ սպասում, որ հանդիպումը տեղի կունենա․ - «Էսի ուղղակի անակնկալ էր, ընդհանրապես չէի սպասում: Էն էլ էս օրերին, որ նոր ա ամեն ինչ, ընդհանրապես չէի պատկերացնում։ Անակնկալ էր։ Շատ զարմացա, որովհետև գիտեմ իրա 2-3-րդ օրն է: Չէի մտածում, որ էդքան գործերի մեջ կթողնի, որ հանդիպեմ իր հետ»։

«Շատ լավ էր տպավորությունները», - հանդիպումից հետո ասաց Իլենը: - «Այո, իսկապես ցանկությունս կատարվեց ու իրա հետ նկարվեցինք, ինչպես ասել էի շատ էի ուզում։ Իրա ամեն մի խոսքերը շատ թանկ արժի իմ համար»։

18-ամյա աղջիկը ևս մեկ անգամ պետք է վիրահատվի: Ավելի վաղ «Ազատությանն» ասել էր՝ հաղթանակից հետո անգամ չի էլ մտածել, որ դեմքն այլևս նախկինը չէ և սպին շարունակելու է հիշեցնել ապրիլի 16-ի դեպքերը։ Ասում է՝ Հայաստանը դեպի լավը փոխելու համար պատրաստ է միշտ պայքարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG