Մատչելիության հղումներ

Իրանահայ ուսանողուհի․ Ցույցի օրերին բարությունը զգում էիր բոլորի մեջ


Իլեն Ռոստանի

18-ամյա Իլեն Ռոստամին, ով ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառած հատուկ միջոցի հետևանքով դեմքի լուրջ վնասվածք էր ստացել, վիրահատվելու համար Իրան էր մեկնել:

Վիրահատությունը բարեհաջող է անցել, թեև բժիշկներն ասել են, որ ևս մեկի անհրաժեշտություն կա: Իլենն ասում է՝ հաղթանակից հետո անգամ չի էլ մտածում, որ դեմքն այլևս նախկինը չէ։

«Նպատակին հասա, ու կարևոր չի հիմա սպի մնա, չմնա։ Բոլորն ինձ ասում էին՝ հերիք ա, մեկ ա բան չի փոխվելու, նույն խոսքերը, բայց 24 ժամ վերքիս նայում էի ու մտածում՝ երբ եմ վերադառնալու վերջապես», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Պատմեց, որ օրեր շարունակ Իրանից հետևել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին․ - «Առաջին վայրկյանից, որ մտա Երևան, նորից հենց մեր տան խաչմերուկը փակ էր: Ավտոյից իջա ու միացա իրանց։ Չնայած մամաս չէր թողնում, բայց իջա ու վազեցի»։

Իրանի և Հայաստանի քաղաքացիություն ունեցող Իլեն Ռոստամին ասաց, որ շրջապատում քչերն էին հավատում, որ ակցիաներին մասնակցելն արդյունավետ կլինի. - «Շատ էին ասում, որ դուք ջահել եք, չեք հասկանում։ Ես էլ ասում եմ, որ դուք որոշել եք, երկիրը էս ա դառել, հիմա էլ մենք կորոշենք, տեսնենք ինչ կդառնա։ Գիտեմ, որ ամեն ինչ փոխվելու ա, որովհետև չեմ կարծում, որ մինչև հիմա ինչ որ եղել ա, ժողովրդի ցանկությամբ ա եղել»։

Բժշկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհին, խոսելով թավշյա հեղափոխության հաղթանակի մասին, նկատում է՝ մարդիկ փոխվել են. - «Մարդիկ, էս ուրախ դեմքերը մինչև հիմա սենց չէի տեսել Հայաստանում։ Որտեղ գնում էի, տխուր էին բոլորը, Բայց էս քանի օրը բոլորը ուրախ են»։

«Բողոքի այն ակցիաները, որոնք տեղի ունեցան սիրո և համերաշխության հեղափոխության ընթացքում, դեռ երկար կհիշվեն», - շարունակեց նա: - «Ամեն ինչ շատ հաճելի էր։ Փողոցները փակելուց մինչև էն, որ փողոցներում քայլում էինք, ով ինչով կարողանում էր ջուր, ուտելիք, բերում էր բոլորին բաժանում էր։ Բարությունը զգում էիր բոլորի մեջ»։

Աղջկա մոտ ցանկությունը մեծ է եղել տեսնելու և շփվելու Նիկոլ Փաշինյանի հետ, ում վարչապետ դառնալու համար էլ շաբաթներ շարունակ պայքարում էր․ - «Բոլորն ասում էին, որ գոնե մի նկար նկարվի իրա հետ: Հուսով եմ, որ կլինի մի օր, որ մոտիկից կտեսնեմ ու կնկարվեմ։ Ինքը չի գրում ու կարդում, ինքն իրա սրտից ա ամենը ասում, ու էդ արդեն ամեն ինչ ա նշանակում»։

Ապրիլի 16-ին տեղի ունեցած բախումների ձայներին, նրա խոսքով, փոխարինելու են եկել ուրախության և հաղթանակի ձայները։ Իսկ Հայաստանը դեպի լավը փոխելու համար Իլենը պատրաստ է միշտ պայքարել. - «Հայաստանը էն երկրներից ա, որ առաջ գնալու շատ տեղ ունի, ու էս ամենից հետո գիտեմ, որ ինքը առաջ ա գնալու ու շատ երկրներին անցնելու է: Ու շատ լավ ա լինելու ամեն ինչ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG