Մատչելիության հղումներ

«Գրանդ Հոլդինգ»-ից երկրորդ պատգամավորն է վայր դնում մանդատը


Ազգային ժողովի շենքը Երևանում, արխիվ
Ազգային ժողովի շենքը Երևանում, արխիվ

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից Ազգային ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր: Այդ մասին ասված է հոլդինգի հայտարարությունում:

«Ինչպես տասն օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ այսօր Արմեն Բաբայանը դիմում գրեց և վայր դրեց պատգամավորի մանդատը: Մեր կարծիքով, նոր Հայաստանի Ազգային ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու: Մենք երբեք որևէ կուսակցության անդամագրված չենք եղել. մեր քաղաքականությունը մեր աշխատանքն է ու մեր պայքարը՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացման», - հայտարարում է «Գրանդ Հոլդինգ»-ը:

«Մենք միշտ եղել ենք, կանք ու լինելու ենք ժողովրդի հետ: Մենք հպարտանում ենք մեր ժողովրդով, մեր երիտասարդներով: Մենք ողջունում ենք մեր քաղաքական գործիչներին, որ դրսևորեցին լրջագույն զսպվածություն, խոհեմություն և հայրենասիրություն: Ամբողջ հայությամբ ցնցեցինք աշխարհը մեր ժողովրդավարությամբ, մեր համախմբվածությամբ, մեր խաղաղասիրությամբ: Թո՛ղ այս օրերի ուրախությունը և ոգեշնչվածությունը երկար մնան մեր սրտերում: Փա՛ռք ազատ, արդար և հաղթական հայ ժողովրդին», - նաև ասված է հայտարարությունում:

Ավելի ուշ Արմեն Բաբայանի հրաժարականի դիմումի մասին հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Բաբայանը մայիսի 10-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։

Ազգային ժողովի նախագահը «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՀԿ թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գրիգոր Ավալյանի՝ պատգամավորի լիազորությունները», - նշված է արձանագրությունում:

Ազգային ժողովի մեկ այլ հաղորդագրության համաձայն, Արա Բաբլոյանն այսօր ստորագրել է Գրիգոր Ավալյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG