Մատչելիության հղումներ

Բիձինա Իվանիշվիլին, ըստ ամենայնի, չի մասնակցի նախագահական ընտրություններին. Կոբախիձե


Բիձինա Իվանիշվիլի, արխիվ
Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Նախագահական ընտրությունները Վրաստանում կայանալու են հոկտեմբերին։

Աշնանը Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին երկրի ամենահարուստ գործարար, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, ըստ ամենայնի, չի մասնակցի: Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Իվանիշվիլիի հետագա քաղաքական ծրագրերի մասին ակտիվ խոսակցությունները երկրում սկսեցին շրջանառվել, երբ հայտնի դարձավ, որ մի քանի տարի տևած դադարից հետո «Վրացական երազանք»-ի հիմնադիրը վերադառնում է քաղաքական դաշտ:

«Բիձինա Իվանիշվիլին մեր կուսակցության նախագահն է դառնալու: Դա նշանակում է, որ Իվանիշվիլին անմիջականորեն ներգրավված կլինի քաղաքական գործընթացներում: Նա կղեկավարի «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհուրդը, կնախագահի դրանց նիստերի ընթացքում: Բայց իմ ունեցած տեղեկությունների համաձայն, Իվանիշվիլին չի պատրաստվում առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում», - հայտարարում էր Կոբախիձեն:

Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ իշխող կուսակցությունը նախագահական ընտրություններում իր թեկնածուի անունը կհրապարակի ամռանը: Մինչ այդ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները նման քայլը նպատակահարմար չեն համարում:

«Թեկնածուի անունը դեռ չի հրապարակվում, ինչը տրամաբանական է: Եթե նույնիսկ հայտնի լիներ, թե ում է առաջադրելու կուսակցությունը, մենք դա գաղտնի կպահեինք: Դա պարզ ռազմավարության հարց է: Ենթադրում եմ, որ «Վրացական երազանք»-ը նախագահության թեկնածուի անունը կհրապարակի հուլիսին կամ օգոստոսին, որից հետո արդեն կմեկնարկի ակտիվ քարոզարշավը», - հայտարարում էր Վրաստանի խորհրդարանի նախագահը:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Վրաստանում կայանալու են հոկտեմբերին: Երկրի նորացված Սահմանադրության համաձայն, սրանք նախագահի վերջին համաժողովրդական ընտրություններն են լինելու․ 2024 թվականից սկսած նախագահին ընտրելու է Վրաստանի խորհրդարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG