Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը Ադրբեջանի թեմայով հերթական լսումներն է կազմակերպում


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը Ադրբեջանի թեմայով հերթական լսումներն է կազմակերպում՝ այս անգամ այդ երկրում հիմնարար ազատությունների և ընտրությունների հարցերով։

Ամերիկյան օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովը, որն անվանում են նաև Հելսինկյան կոմիտե, այսօր ուշ երեկոյան նախատեսված լսումների մասին տեղեկացնելով՝ նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնել՝ ներկայիս ռեժիմը մինչև 2025 թվականը պահպանելու նպատակով։

Սենատորներ Ռոջեր Ուիքերի և Քրիսթոֆեր Սմիթի գլխավորած հանձնաժողովը վկայակոչում է ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրությունների մասին միջազգային դիտորդների գնահատականները՝ երկրում քաղաքական դաշտը, ինչպես նաև հիմնարար ազատություններն ու իրավունքները սահմանափակված են։

Ամերիկյան Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեն, որն իր հերթին էր կոշտ քննադատել Ադրբեջանի նախագահական ընտրությունները՝ պնդելով, թե քվեարկությունն անցել է ազատ ընտրության հնարավորության և անկախ մամուլի բացակայության պայմաններում, նշում է նաև, որ ընտրություններին նախորդած ժամանակաշրջանում Ալիևի վարչակազմն արգելափակել է անկախ լրատվական կայքերը, հետապնդել և ձերբակալել անկախ լրագրողներին։

Ամերիկացի օրենսդիրները հիշեցնում են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դեռևս դեկտեմբերին կայացրած վճիռը՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, 2013 թվականից ճաղերի հետևում գտնվող Իլգար Մամեդովի ապօրինի ազատազրկման մասին։ Ստրասբուրգյան դատարանի որոշումից շուրջ կես տարի անց Մամեդովը դեռ բանտում է։

Հելսինկյան կոմիտեն, հիշեցնենք, մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը թերևս ամենահաճախը քննադատող և դատապարտող միջազգային կառույցներից է։ Հանձնաժողովի համանախագահ հանրապետական Քրիս Սմիթն էլ Մագնիտսկու հայտնի օրենքի հեղինակ, դեմոկրատ Ջիմ ՄըքԳովերնի հետ միասին համահեղինակել է Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծ, որն արդեն ամերիկյան Կոնգրեսի օրակարգում է: Փաստաթուղթը կոչ է անում պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների չդադարող ոտնահարումների համար մեղքի իրենց բաժինն ունեցող ադրբեջանցի պաշտոնյաներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG