Հայաստանում այսօր նշում են Հաղթանակի և խաղաղության տոնը:
Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, հասարակական, քաղաքական կազմակերպություններ և գործիչներ:
Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է․ - «Շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի ու Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ: Այս պահին ես հատկապես մտածում եմ Երկրորդ աշխարհամարտի փառապանծ վետերանների մասին, նրանց՝ որոնք, ի ուրախություն բոլորիս, այսօր մեր շարքերում են, և որոնց ես մաղթում եմ քաջառողջություն և երկար տարիների կյանք: Նրանք մեզ են փոխանցում պայքարի ոգին և հաղթանակի բերկրանքը: Մտածում են նաև բոլոր նրանց մասին՝ մեր ծնողների և պապերի, որոնք իրենց ուսերի վրա կրեցին պատերազմի դաժանություններն ու ծանրությունները. բլոկադա, սով, գերություն, համակենտրոնացման ճամբարներ ու գուլագ, որբություն ու անապաստանություն: Նրանք մեզ սովորեցրին տոկալ, հուսալ և վերապրել»:
«Գլուխ եմ խոնարհում այն հազարավոր հերոսների հիշատակի առջև, որոնք իրենց կյանքը նվիրեցին ազատությանը: Ցեղասպանությունից դեռևս արնածոր հայ ժողովուրդը մեծ գին վճարեց ֆաշիզմի դեմ պայքարում, որի զավակներն իրենց փառքով պսակեցին բոլոր ճակատներում», - իր ուղերձում գրել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով․ - «Այդ հերոսների օրինակով դաստիարակվել են բազմաթիվ սերունդներ: Հենց այդ հերոսների ժառանգներն էին, որոնք տասնամյակներ անց հանուն ազատության մարտի ելան և ազատագրեցին Շուշին՝ կերտելով մեր նորօրյա հաղթանակները»:
«Քաջության, հերոսության և հանուն Հայրենիքի ինքնազոհության այդ ոգին այսօր ամուր նստած է Հայրենիքի պաշտպանի՝ հայ զինվորի մեջ: Այդ նա էր՝ հաղթական զինվորը, որ 2016-ի ապրիլին անօրինակ սխրանքով պաշտպանեց հող հայրենին: Եվ այսօր մեր պայծառ պատանիներն ու երիտասարդներն են կանգնել հերթափոխի, ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ և հայրենասիրությամբ լծվել Հայրենիքի վերաշինման գործին: Փառք ու պատիվ բոլոր քաջերին և հավերժ հիշատակ հանուն Հայրենիքի ընկածներին», - Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:
«Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն իսկապես պատմական էր։ Այդ հաղթանակն ու նրանով պայմանավորված խաղաղությունը նոր դռներ բացեցին մեր ժողովրդի համար և նոր հորիզոններ բացեցին նրա ստեղծագործ աշխատանքի, երկրի շենացման ու զարգացման համար: Հայ ժողովրդի բոլոր հատվածներն այդ հաղթանակին տվեցին այն ամենը, ինչ կարող էին, և փառքով պսակեցին իրենց անունը Երկրորդ աշխարհամարտի բոլոր ճակատներում, ինչպես նաև թիկունքում, պարտիզանական կռիվներում և դիմադրական շարժումներում։ Խորին ակնածանքով այսօր մենք մեր հարգանքն ու երախտագիտությունն ենք հայտնում մեր վետերաններին», - ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում:
«Այսօր մեզ համար կրկնակի տոն է։ Մենք տոնում ենք Շուշիի ազատագրման հերթական տարեդարձը։ Այդ փառավոր հաղթանակը սոսկ ռազմական հաջողություն չէր։ Դրանով արցախահայությունը փրկվեց բնաջնջման վտանգից և ձեռք բերեց խաղաղ ապրելու հեռանկար։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակի առջև և հավաստիացնում, որ անհատի և ազգի ազատության ոտնահարումը չի հանդուրժվելու։ Չի հանդուրժվելու, որովհետև մեր ժողովուրդն ունի մարդասիրական իդեալներ, ազատասեր ոգի, ինչպես նաև միասնական կամք՝ պաշտպանելու այդ իդեալները», - իր ուղերձում նշում է վարչապետը:
«Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը, նրա համաժողովրդական ընդգրկումը ևս մի անբեկանելի ապացույց է, որ մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչ են ազատությունը, ժողովրդավարությունը և խաղաղասիրությունը։ Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կրկին վստահ է իր ուժերին, Շուշիի ազատագրման ոգին արթուն է մեր սրտերում և աչքերում», - ընդգծում է Փաշինյանը իր ուղերձում, որը հրապարակված է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում:
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Չեմ կասկածում, որ վերջին իրադարձություններով ավելի ամրապնդված հայ ժողովրդի հաղթական ոգին Հայաստանին ու Արցախին բերելու է նոր հաջողություններ։ Հայ ժողովուրդը վստահ քայլում է իր երազանքների իրականացման ճանապարհով», - ասված է ուղերձում:
«Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի օրերի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում համայն մեր ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս», - ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձում:
«Նվիրական է այս օրը մեր ժողովրդի համար, որ հերոսաբար իր ավանդն է բերել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի կերտմանը՝ հանուն աշխարհում խաղաղության և ժողովուրդների ազատ ու առաջադեմ կյանքի։ Հայրենանվեր նույն ոգով մեր ժողովուրդն ազատագրեց Շուշին՝ հաղթական նոր էջ հավելելով ազգային մեր պատմության մեջ։ Այսօր մենք հանդիսավորապես նշում ենք նաև Պաշտպանության բանակի օրը, որն աննկուն ու քաջաբար պահպանում է Արցախի անվտանգությունն ու խաղաղությունը», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ իր ուղերձում գրել է Վեհափառը:
«Գոհություն Տիրոջը, որ մեր ժողովրդի զավակները լի են վճռականությամբ ու նախանձախնդրությամբ հայրենիքի սահմանները պաշտպանելու և նորանոր իրագործումներով կերտելու լուսավոր ու պայծառ գալիքը ազգի և հայրենյաց: Սուրբ Էջմիածնի կամարների ներքո Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալ Տերը, որ խաղաղ լինի հայոց երկինքը և անվտանգ ու անխռով ապրի մեր ողջ ժողովուրդը։ Թող Տերը ամուր պահի հայրենի մեր պետականությունը, օրհնի և զորակից լինի մեր ժողովրդին այսօր և հավիտյանս. ամեն», - ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում: