Մատչելիության հղումներ

Հիսուն տարի առաջ այս ժամանակ էլ հեղափոխություն էր


Ֆրանսիա - Սորբոնի համալսարանի ուսանողների և ոստիկանների ընդհարումը, Փարիզ, 16-ը հունիսի, 1968թ․

Հիսուն տարի առաջ մայիսյան օրերին տարբեր մայրցամաքներում հսկայական հեղափոխական շարժում էր, որը մի շարք երկրներում ստիպեց ղեկավարներին հաշվի առնել շարքային մարդկանց ու հատկապես երիտասարդների կարծիքը, և մեծագույն ազդեցություն գործեց ոչ միայն քաղաքականության, տնտեսության, այլև փիլիսոփայության և արվեստի վրա:

1968-ին Ամերիկայի երիտասարդությունը փողոցներում պայքարել է Վիետնամի պատերազմի դեմ՝ դատապարտել է ռասիզմը, պահանջել է ապահովել կանանց իրավունքները:

Եվրոպայում բողոքի ակցիաների կիզակետը Ֆրանսիան էր, որտեղ ընդվզումը սկսել են Սորբոնի համալսարանի ուսանողները:

Բողոքի բազմաթիվ ակցիաներ են եղել Արևմտյան Գերմանիայում, Լեհաստանում, Հարավսլավիայում, Բելգիայում:

Մեքսիկայում բողոքն արյան մեջ են խեղդել, Ամերիկայում բիրտ միջոցներով են ցրել ցույցերը: Արյուն է թափվել, զոհվել են ոչ միայն ռեժիմների դեմ դուրս եկած շարքային մարդիկ, այլև պետական գործիչներ:

Ֆրանսիացիների ընդվզումից շաբաթներ առաջ Ամերիկայում դավադրաբար սպանել են սևամորթների իրավունքների պաշտպանության և ռասայական համերաշխության ջատագով Մարթին Լյութեր Քինգին:

1968 թվականին Չեխոսլովակիան հռչակել է «մարդկային դեմքով սոցիալիզմի» ծրագիրը, որին ի պատասխան Խորհրդային Միությունը զորք է մտցրել, ճնշել շարժումը և ապացուցել, որ կոմունիստ ղեկավարները «մարդկային դեմք» պարզապես չունեն:

Ի դեպ, Արևմուտքում տնտեսությունն այդ տարիներին վերելքի փուլում էր, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում համախառն արդյունքի և, հետևաբար, կենսամակարդակի աճ էր: Սոցիալական դժգոհությունն ընդվզումների հիմնական պատճառը չէր, մարդիկ ու հատկապես երիտասարդներն իրենց իրավունքների համար էին պայքարում:

Ֆրանսիան է համարվում Հին մայրցամաքում 1968-ի ապստամբության սիմվոլը։ Ընդվզումը հանգեցրել է լեգենդար գեներալ, նախագահ Շառլ դը Գոլի հրաժարականին:

Ռադիկալ երիտասարդներն առաջ էին քաշել երկու կարգախոս՝ «Արգելվում է արգելել» և «Իրապաշտ եղիր՝ պահանջիր անհնարինը»:

68-ի ապստամբության հիմնական պահանջներից էր մարդու անձնական ազատությունը, անհատի «ես»-ը որպես ստեղծագործական արարիչ ուժ, որը չի հակադրվում կոլեկտիվ ստեղծագործական ուժին:

1968-ը դարձել է գրականության, արվեստի և երաժշտության զարգացման աննախադեպ խթան: Դրա խորհրդանիշը և տրամաբանական շարունակությունը 1969-ի Վուդսթոքի ռոք-փառատոնն էր: «Սեր, խաղաղություն, եղբայրություն»՝ այս ուղերձն են հղել հարյուր հազարավոր երկրպագուներին Ջենիս Ջոփլինը, Ջո Քոքերը, «Դը Հու»-ն, Ջոան Բաեզը և, իհարկե, հանճարեղ Ջիմի Հենդրիքսը:

68-ի հեղափոխությամբ հզոր ուժի վերաճած ռոք երաժշտությունը տասնամյակներ անց թեկուզ անուղղակի, բայց մահացու հարված հասցրեց բռնակալական այնպիսի ռեժիմին, ինչպիսին ԽՍՀՄ-ն էր:

68-ի հեղափոխականները հավատացին, որ մարդն ի ծնե ազատ է, և անհատի ազատությունը մեծ լծակ է: Եվրոպական և ամերիկյան փողոցներում անզեն երիտասարդ տղաներն ու աղջիկները հավատացին, որ կարելի է չվախենալ մահակ, արցունքաբեր գազ, հրազեն ունեցող ոստիկանից:

Եվ կես դար անց նրանց հոգևոր ժառանգներն էլ մեկ այլ երկրում ապացուցեցին, որ ազատ անհատները կարող են միավորվել, քայլ անել ու մերժել հանրային զարգացումը, արդարությունը և ազատությունը սահմանափակողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG