Ազգային ժողովի Հանրապետական մեծամասնությունը կօժանդակի վարչապետի ընտրության հարցում, թեև ՀՀԿ խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հարցում մնում է նույն տեսակետին:
«Ապրիլի 30-ին, այնուհետև մայիսի 1-ին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ խմբակցության պատգամավորներն ուղղում էին հարցեր՝ բազմաոլորտ, բազմաշերտ, բազմաբովանդակ: Մեզ համար չափազանց կարևոր էր հասկանալ, թե արդյոք վարչապետի թեկնածուն կարող էր իր ուսերի վրա վերցնել այդ բեռը, թե մեր ժողովուրդը մոտ ապագայում ապրելու է իսկական քաոսի մեջ: Ասեմ, որ այդ մտավախությունները չվերացան, Աստված տա՝ սխալվենք», - վարչապետի ընտրություններից առաջ ունեցած իր ելույթում հայտարարեց Հանրապետական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Բաղդասարյանը, միևնույն ժամանակ, վստահեցրեց, որ ինչպես հայտարարվել էր՝ Հայաստանի Հանրապետական խմբակցությունը կօժանդակի վարչապետի ընտրության հարցում: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Հանրապետականից կստանա 10+1 ձայն: - «Այդ անձինք ևս կիսում են Հանրապետական խմբակցության «դեմ» դիրքորոշումը, պարզապես մենք հորդորել, խնդրել ենք մեր գործընկներներին քվեարկել կողմ, որ ապահովենք մեր խոստման իրականանալիությունը: Կոչ եմ անում կողմ քվեարկած պատգամավորներին չդիտարկել ձերը կամ որպես անկախ պատգամավորներ», - ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը:
Ազգային ժողովի նիստում լսվում էր ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Սա ընտրության երկրորդ փուլն էր:
Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, մայիսի 1-ին խորհրդարանում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:
Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: