Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետի ընտրության հարցով Ազգային ժողովի այսօրվա հատուկ նիստին գրանցվել է 101 պատգամավոր՝ 105-ի փոխարեն։

Նիստից բացակա են ՀՅ Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը, ՀՀԿ խմբակցությունից Գրիգոր Ավալյանը, Հերմինե Նաղդալյանը և Կարեն Կարապետյանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Ազգային ժողովի քարտուղարության նիստերի ապահովման բաժնից։

Հիշեցնենք՝ մայիսի 1-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ Աղվան Վարդանյանը չմասնակցեց քվեարկությանը, թեև Դաշնակցություն խմբակցությունը որոշել էր ընտրել առաջադրված միակ թեկնածուին՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: ՀՅԴ ԳՄ-ն ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորին պարտադրեց վայր դնել պատգամավորական մանդատը, ինչից հետո նրան հեռացրեցին նաև կուսակցությունից:

Նշենք նաև, որ մայիսի 1-ին՝ մինչ խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկումը, պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել Գրիգոր Ավալյանը։

Այսօրվա նիստին ներկա են «Ծառուկյան» խմբակցության նախորդ նիստին բացակա երկու պատգամավորները՝ Մելիք Մանուկյանն ու Իշխան Զաքարյանը։ Մելիք Մանուկյանը, հիշեցնենք, մայիսի 1-ին Հայաստանից բացակայում էր առողջական խնդիրների պատճառով։

Նշենք, որ վարչապետ ընտրվելու համար միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է 53 պատգամավորի ձայն։ Նիկոլ Փաշինյանին սատարող երեք՝ «Ծառուկյան», ՀՅ Դաշնակցություն և «Ելք» խմբակցությունները միասին այս պահին 46 ձայն ունեն, Փաշինյանին ընտրվելու համար ևս 7 ձայն է հարկավոր։

Հանրապետական խմբակցությունը վստահեցրել է, որ կօժանդակի Փաշինյանի ընտրությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG