Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետի ընտրության հարցով Ազգային ժողովի հատուկ նիստը սկսեց աշխատանքները:

Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է:

Միակ թեկնածուին սատարում են Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները, խորհրդարանական մեծամասնությունը՝ Հանրապետական խմբակցությունը ևս վստահեցնում է, որ օժանդակելու է Փաշինյանի ընտրությանը:

Ազգային ժողովում դեպի նիստերի դահլիճ ճանապարհին վարչապետի թեկնածուն «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց, որ տրամադրվածությունը աշխատանքային է: Հարցին՝ համոզվա՞ծ է, որ քվեարկությունը չի կրկնի նախորդ նիստի ժամանակ արձանագրված պատկերը, Փաշինյանը պատասխանեց․ - «Համոզված եմ, որ մենք կհաղթենք: Ժողովո՛ւրդը»:

Խորհրդարանի նիստում վարչապետի թեկնածուի ներկայացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ինչից հետո իր ելույթը սկսեց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Ազգային ժողովի շենքում է նաև նախօրեին Երևան ժամանած աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, մայիսի 1-ին խորհրդարանում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG