Մատչելիության հղումներ

«Ներկայացնում եմ 100 հազարի չափ հայերի, և չեմ կարող անմասն մնալ այս ամենից». Գլենդելի քաղաքապետ


Եկել է այն բեկումնային պահը, երբ հնարավորություն է ընձեռվում կարծես զրոյից նորից սկսելու և հանրապետության հասարակարգային, իրավական հիմքերը նորից կառուցելու և այս անգամ ճիշտ կառուցելու, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը։

«Ես ներկայացնում եմ 100 հազարի չափ հայերի, և ես չեմ կարող անմասն մնալ այս ամենից», - ասաց Սինանյանը՝ հավելելով. - «Եթե մեր հանրապետական հայրենակիցները մայիսի 1-ին կողմ քվեարկեին Նիկոլ Փաշինյանի օգտին, գուցե ես չգայի այսօր Երևան, բայց քանի որ չհաստատեցին, հավելյալ ճնշում առաջացրեցին, կարծես, հնարավորություն ստեղծեցին և որոշեցի որ գամ»։

Այն հոգեբանական իրավիճակը, որ ստեղծվել էր Հայաստանում վերջին 5-6 տարվա ընթացքում՝ բարոյալքում, հուսալքություն, ապագայի նկատմամբ հավատի կորուստ, արտահայտվել էր նաև սփյուռքում, ասաց Գլենդելի քաղաքապետը։

«Մարդիկ, որոնք չէին հանձնվել հայելիներու գաղափարին, չէին հեռացել այդ գաղափարից, իրենք էլ սկսել էին կորցնել հավատը պետության, Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ապագայի նկատմամբ, և ահա տեղի ունեցավ հրաշքի պես մի բան, չնայած, որ խորքային վերլուծում ես հիմքերը, երևի սա հրաշք չէր, սա պետք է տեղի ունենար։ Ինչպես Սովետական Միության փլուզումն էր բոլորի համար անսպասելի, բայց շատ բացատրելի, շատ տրամաբանական, նույն ձևով էլ այս իշխանափոխությունն է տեղի ունենում», - ասաց Զարեհ Սինանյանը։

Հիշեցնենք, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

Մայիսի 3-ին 41 պատգամավորի ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվեց վարչապետի թեկնածու։ Միակ թեկնածուին սատարում են Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները, խորհրդարանական մեծամասնությունը՝ Հանրապետական խմբակցությունը ևս վստահեցնում է, որ օժանդակելու է Փաշինյանի ընտրությանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG