Մատչելիության հղումներ

Ես ձեր նման՝ տարիներով երազում էի այս օրը, և լիովին հպարտանում եմ ձեր կողքին կանգնելով․ Սերժ Թանկյան


Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ով այսօր երեկոյան ժամանեց Երևան, կարճատև ելույթ ունեցավ իր դիմավորման համար Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքում:

«Իմ սիրելի, հաղթական ժողովուրդ՝ մեր ազատ, անկախ և երջանիկ Հայաստանի: Շատ կներեք, որ մի քիչ ֆիզիկապես ուշացա այս գեղեցիկ հեղափոխությանը, բայց հավատացեք, որ վերջին երկու-երեք շաբաթը հոգեպես եղած եմ այստեղ, ձեր հետ: Եվ ոչ միայն ես, այլ բոլոր սփյուռքահայությունը», - հայտարարեց աշխարհահռչակ երաժիշտը՝ շնորհակալություն հայտնելով հայաստանցիներին՝ «որ կարողացաք ձեր խաղաղ ցույցերով ստեղծել հայ ազգի պարծանքին արժանի հայրենիք»:

Սերժ Թանկյանը փաստեց՝ ամբողջ աշխարհը «ձեզ է նայում իբրև դրական օրինակ»: - «Երգով, պարով ու ժպիտով հասաք ձեր նպատակին», - հավելեց նա, - «Աշխարհը տարիներ շարունակ մեզ ճանաչում է ցեղասպանությամբ, երկրաշարժով և պատերազմով, բայց այժմ՝ այս շարժումով, դուք բարձրացուցիք մեր ամբողջ հայ ժողովուրդի վարկանիշը։ Ես ձեր նման՝ տարիներով երազում էի այս օրը, և լիովին հպարտանում եմ ձեր կողքին կանգնելով»:

Հիշեցնենք, աշխարհահռչակ երգիչը վերջին շրջանում պարբերաբար ուղերձներով է հանդես գալիս Հայաստանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ՝ ողջունելով ժողովրդական շարժումը:

Իր ուղերձներից մեկում Թանկյանը խոստացել էր շուտով Հայաստանում լինել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG