Մատչելիության հղումներ

«Վաղը 21։00-ին կլինենք հրապարակում, Սերժ Թանկյանը և ես կարճ ելույթով հանդես կգանք»․ Նիկոլ Փաշինյան


Վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի հետ։ Այդ մասին այսօր տեղեկացրեց Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձի միջոցով։

Փաշինյանը նշեց, որ Թանկյանը վաղը Երևան կժամանի ժամը 20։05-ին։

«Ես նրան կդիմավորեմ օդանավակայանում և կուղեկցեմ Հանրապետության հրապարակ։ Կարծում եմ, որ 21։00-ին արդեն կլինենք Հանրապետության հրապարակում, որտեղ Սերժ Թանկյանը և ես կարճ ելույթով հանդես կգանք, հաջորդ օրվա անելիքները նաև կպլանավորենք», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան նույնպես գալ օդանավակայան, կլինեն մարդիկ, ովքեր Արգավանդ, Փարաքար գյուղերի և ընդհանրապես ճամփեզրին կցանկանան դիմավորել և ողջունել Սերժ Թանկյանին, եկեք պայմանավորվենք, որ մենք այդ արարողությունը միասին շատ մեծ մասշտաբով և բարձր տրամադրությամբ կկազմակերպենք։ Իհարկե ժամերը մի փոքր պայմանական են, հույս ունենք, որ ինքնաթիռը ժամանակին կժամանի, բայց հասկանում ենք, որ կարող են փոքրիկ հետաձգումներ լինել»։

Հիշեցնենք, աշխարհահռչակ երգիչը վերջին շրջանում պարբերաբար ուղերձներով է հանդես գալիս Հայաստանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ՝ ողջունելով ժողովրդական շարժումը:

Իր ուղերձներից մեկում Թանկյանը խոստացել էր շուտով Հայաստանում լինել։

«Ես շատ տխուր եմ, որ մինչև այսօր չեմ կարողացել անձնապես միանալ ձեզ՝ ահավոր վիրուսի պատճառով, սակայն ուշի ուշով հետևել եմ ձեզ և մեկնաբանություններ արել, երբ զգացել եմ, որ դա կարող է փոփոխություն բերել: Խոստանում եմ շուտով այդտեղ լինել», - իր ֆեյսբուքյան էջում գրել էր Թանկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG