Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ցույցի նախօրեին ձերբակալում են Նավալնիի աջակիցներին


Ալեքսեյ Նավալնին մասնակցում է բողոքի ակցիային՝ ի պաշտպանություն Ռուսաստանում արգելված Telegram համացանցային հավելվածի, Մոսկվա, 30-ը ապրիլի, 2018թ.

Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալում են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցներին, ովքեր մտադիր են վաղը ցույցերով ու երթերով բողոք հայտնել նախագահ Վլադիմիր Պուտինի չորրորդ պաշտոնավարման դեմ: Նավալնին կոչ է արել բողոքի ակցիաներն անցկացնել «Նա մեր ցարը չէ» կարգախոսով:

Այսօրվա դրությամբ, Նավալնիի աջակիցներին ձերբակալել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Չեբոկսարիում, Կեմերովոյում, Տամբովում, Ռյազանում, Կրասնոյարսկում և Կրասնոդարում:

Եկատերինբուրգում իրավապահներն առգրավել են Նավալնիի շրջանային գրասենյակի պատրաստած թռուցիկները:

Վոլգոգրադում աշակերտներին և ուսանողներին ստիպել են ստորագրել մի փաստաթուղթ, որով իշխանությունը տեղեկացրել է «բողոքի ակցիաներին մասնակցելու համար նախատեսված լուրջ հետևանքների, ընդհուպ դպրոցներից և ինստիտուտներից կարգազանցներին վտարելու հնարավորության մասին»:

1999 թվականից վարչապետի, ապա նախագահի, ապա նորից վարչապետի և հետո նախագահի պաշտոնում երկիրը ղեկավարող Պուտինը մարտի 18-ին հերթական անգամ նախագահ է վերընտրվել:

Միջազգային դիտորդները և ընդդիմախոսներն այդ ընտրությունները դեմոկրատական և արդար չեն համարում:

Պուտինի կոշտ ընդդիմախոս, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ Նավալնին իշխանության նախաձեռնությամբ զրկվել է նախագահության թեկնածու առաջադրվելու հնարավորությունից:

Վլադիմիր Պուտինի հերթական պաշտոնամուտի թվով արդեն չորրորդ արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին Մոսկվայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG