Մատչելիության հղումներ

Էմիլ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր


Էմիլ Բաբայան

Ձայների 51 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Էմիլ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։

«Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար առաջադրվել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը։ Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում։ Հայաստանի Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 54-ը։ Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեատուփում առկա էր 54 քվեաթերթիկ, որոնցից անվավեր որևէ մեկը չի ճանաչվել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 51, դեմ 3։ Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվում», - հայտարարեց Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։

Առավոտյան գրանցվել էր 78 պատգամավոր։ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը։

«Քվեարկությանը «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու այն պարզ պատճառով, որ ՍԴ դատավորի թեկնածությունն առաջադրվել է իրավական բազմաթիվ ընթացակարգերի խախտմամբ»,- մինչ քվեարկությունը հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: Արտակ Զեյնալյանն իր հերթին նշեց, որ «Ելք» խմբակցությունը ևս չի մասնակցելու ՍԴ դատավորի ընտրություններին»:

Նշենք, որ ՍԴ անդամն ընտրվում է խորհրդարանի երեք հինգերորդի՝ 63 պատգամավորների ձայներով, իսկ ընդդիմադիրների բոյկոտի պայմաններում, փստորեն, հնարավոր չեղավ ապահովել անհրաժեշտ թվով ձայներ։

Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանի թեկնածությունն առաջդրել էր նախագահ Արմեն Սարգսյանը։ Նրան խորհրդարանում ներկայացնում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։

Ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ դիմել էին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ խնդրելով չընտրել Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին:

Նաև իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն էին պնդում, որ նախագահ Սարգսյանը պետք է առաջին հերթին մրցույթ անցկացներ և հնարավորություն տար բարձրակարգ իրավաբաններին՝ մասնակցություն ունենալ դրանում։ Հակառակ դեպքում, ինչպես իրենց հայտարարությունում պնդում են նրանք, այսպիսի նշանակումները և ընտրությունները հովանավորչության և ոչ թափանցիկ ու հակաժողովրդավարակաան ավանդույթների առկայության հիմնավոր կասկածներ են հարուցում։

Հայտարարության մեջ հասարակական կազմակերպությունները նաև Ազգային ժողովի պատգամավորներին էին կոչ արել՝ եթե Բաբայանի թեկնածությունն, այնուամենայնիվ, չհանվի և դրվի քվեարկության, չքվեարկել՝ Հանրապետության նախագահին ևս մեկ հնարավորություն տալով արդար ու թափանցիկ մրցույթ անցկացնել: Այդ հայտարարությունը ստորագրած՝ «Իրավունքի Եվրոպա» կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը դրական գնահատեց այսօրվա քվեարկության արդյունքը:

«Դա ես կգանահատեմ չափազանց դրական արդյունք և գործընթաց, որը փաստորեն այս նոր իրողության շրջանակում է հնարավոր դարձել, երբ հանրային, հասարակական, մասնագիտական սեկտորի գնահատականների հիման վրա հնարավոր է քաղաքական իրողություններ փոփոխել»,- «Ազատությանն» ասաց Եգորյանը: Նա նաև հույս հայտնեց, որ նախագահն ականջալուր կլինի իրենց կոչին և նոր թեկնածուին որոշելու համար մրցույթ կանցկացնի:

Էմիլ Բաբայանի թեկնածությունը խորհրդարանում ներկայացնող՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը ՍԴ անդամի ընտրություններից հետո խորհրդարանի քվեարկության արդյունքներն այսօր քաղաքական որակեց, ասաց՝ մրցույթի անցակցման համար ֆորմալ ընթացակարգ չկա, Ֆորմալ ընթացակարգի համար պետք է Սահմանադրություն փոխել:

Տիգրան Եգորյանը, մինչդեռ, ասում է, որ մրցույթ անցկացնելու համար ոչ Սահմանադրությունը, ոչ էլ օրենքները փոփոխելու կարիք չկա․ նախագահը կարող է իր հրամանագրով թեկնածուի անունը տալու փոխարեն մրցույթ հայտարարել՝ մասնագիտական հանրությանը մասնակից դարձնելով ընտրության գործընթացին:

Ըստ ԱԺ կանոնակարգի, Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո, տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է նոր թեկնածու: Տիգրան Եգորյանի խոսքով՝ ցանկալի է, որ հնարավորինս արագ համալրվի Սահմանադրական դատարանի դատավորի թափուր մնացած տեղը, սակայն նախագահի համար տասնօրյա ժամկետում նոր թեկնածու առաջադրելը պարտավորություն չէ:

Նշենք, որ ՍԴ անդամի թափուր տեղ էր առաջացել, երբ լրացել էր ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Գագիկ Հարությունյանն այժմ գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը: ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը դատարանում փոխարինել էր Կիմ Բալայանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG