Մատչելիության հղումներ

ՀԿ-ները առարկություններ ունեն ՍԴ անդամի թեկնածության ընտրության հարցում


ՍԴ անդամի թեկնածու Էմիլ Բաբայան
ՍԴ անդամի թեկնածու Էմիլ Բաբայան

Ազգային ժողովն այսօր քննարկեց Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուի հարցը։

Սարգսյանն առաջադրել է Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանի թեկնածությունը, ում խորհրդարանում ներկայացնում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։

Թվարկելով 40-ամյա Բաբայանի առավելությունները՝ Կոստանյանը հորդորեց պատգամավորներին, անկախ կուսակցական պատկանելիությունից և շահերից, քվեարկել նրա օգտին․ - «Ես իրոք խոսում եմ բացարձակ պրոֆեսիոնալիզմի մասին: Եվ մի անձի մասին, որ ես համոզմունք ունեմ, որ մեր երկրին նախ շատ օգուտներ տվել է և դեռևս տալու է»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, դիմելով Կոստանյանին, հարցրեց, թե ինչու հենց Էմիլ Բաբայանը և ինչու է նրան ներկայացնում Կոստանյանը․ - «Ինչպե՞ս է ընտրել, քանի՞ թեկնածուի միջից է ընտրել: Եվ կխնդրեի ներկայացնել, թե ինչպես է ստացվել, որ նախագահի անունից Դուք եք ներկայացնում պարոն Էմիլ Բաբայանին Ազգային ժողովին»:

Կոստանյանն ի պատասխան ասաց․ - «Դուք ինքներդ լավ գիտեք, պարոն Զեյնալյան, ոնց պատահեց, որ ես Հանրապետության նախագահի կողմից նշանակվեցի որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի թեկնածության ներկայացնող: Մի պարզ պատճառով․ ես ասացի իմ խոսքի նախաբանում, որ նույն Հանրապետության նախագահը տեսավ, որ միակ մարդը, որ կարող է Էմիլ Բաբայանին բոլոր կողմերից ներկայացնի, ես եմ»:

Արտակ Զեյնալյանը պնդեց, թե Սահմանադրական դատարանի անդամի համար մրցույթի անցկացումը անհրաժեշտ է, որպեսզի «մենք այս պաշտոնում ընտրենք այնպիսի մեկին, ով ոչ միայն կունենա բարձր մասնագիտական գիտելիքներ, այլ նաև կհամապատասխանի դատավորի չափանիշներին»:

Գևորգ Կոստանյանը, սակայն, հակադարձեց, թե այս դեպքում մրցույթի անցկացումը պարտադիր չէ․ - «Սահմանադրական կարգավորումների պարագայում այս թեկնածուին առաջադրում է Հանրապետության նախագահը: Այսինքն, դա խմբակցությունը չի առաջադրել, կուսակցությունը չի առաջադրել: Բացարձակապես դրանով է պայմանավորված, ուրիշ ոչ մի տրամաբանություն չկա դրա մեջ»:

Էմիլ Բաբայանն իր խոսքում անդրադառնալով ժողովրդավարության սկզբունքներին ու մարդու իրավունքներին և պատասխանելով Զեյնալյանի հարցին՝ ասաց․ - «Այս պահին գործող կարգավորումներով Սահմանադրության նախատեսված է հատուկ ընթացակարգ, թե ինչ ընթացակարգով է ընտրվում Սահմանադրական դատարանի դատավորը: Ասեմ Ձեզ, որ իմ խորին համոզմամբ, ընթացակարգը ինքնին շատ բարդ և մրցակցային է: Այսինքն, Սահմանադրությամբ կան նախատեսված չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում միայն կարող է անձը հավակնել այդ պաշտոնին: Դրանից հետո մի դեպքում Նախագահը, հաջորդ անգամ դա կլինի Կառավարությունը, հետո դատավորների ընդհանուր ժողովը: Այսինքն իշխանության բոլոր ճյուղերը հնարավորություն են ունենում ամեն մեկը իրենց չափանիշներով ընտրված թեկնածուին ներկայացնելու Ազգային ժողովին»:

Արտակ Զեյնալյանը, սակայն, ասաց, թե Սահմանադրությունում նման դրույթի առկայությունը պարտադիր չէ․ - «Այո, ուղղակիորեն նախատեսված չի, որ այդպիսի մրցույթ օրենքով պարտադիր պետք է իրականացվի: Սակայն խորհրդակցական ձայնի իրավունքով այսպիսի մրցույթի անցկացումը որևէ կերպ չի հակասի օրենքին, իրավունքին և այն նպատակին, որին ձգտում ենք հասնել»:

Ազգային ժողովը ՍԴ անդամի հարցով քվեարկությունը կանցկացնի վաղը:

Մինչ այդ ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ դիմել են Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ խնդրելով չընտրել Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին:

Նաև իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն են պնդում, որ նախագահ Սարգսյանը պետք է առաջին հերթին մրցույթ անցկացներ և հնարավորություն տար բարձրակարգ իրավաբաններին մասնակցություն ունենալ դրանում։ Հակառակ դեպքում, ինչպես իրենց հայտարարությունում պնդում են նրանք, այսպիսի նշանակումները և ընտրությունները հովանավորչության և ոչ թափանցիկ և հակաժողովրդավարակաան ավանդույթների առկայության հիմնավոր կասկածներ են հարուցում։

«Իրավունքի Եվրոպա» կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ անգամ առաջին ատյանի դատարանների դատավորների շրջանում է մրցույթ անցկացվում․ - «Անընդունելի և անթույլատրելի է Սահմանադրական դատարանը պետության տեսանկյունից ավելի ցածր ստանդարտով ձևավորելու պրակտիկան: Դեռևս 2014-15 թվականին, երբ չկար այս համաժողովրդական շարժումը, ժողովրդի ինքնիշխանության այսպիսի վերելք, այսպիսի դրսևորում, Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրումն է նույնիսկ մրցույթով իրականացվել»:

Եգորյանը հարցեր ունի Էմիլ Բաբայանի կրթության հետ կապված։ Ուսումնասիրելով նրա կենսագրականը՝ պարզել է, որ կրթությանը զուգահեռ նա ծառայել է զինված ուժերում։ Բացի այդ, «Վարդանանց» անունով համալսարանը, որտեղ ուսանել է սահմանադրական դատարանի անդամի թեկնածուն, ըստ պետռեգսիտրի, գրանվել է 1996-ին, մինչդեռ Ազգային ժողով ներկայացված Բաբայանի կենսագրությունում նշված է, նա այդ համալսարանում ուսանել է 1994-ից սկսած։

«Արդյո՞ք հայաստանյան իրավաբանական համայնքը չունի ավելի որակյալ և ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Արդյո՞ք նրանց համար ապահովված են այն հավասար պայմանները՝ առաջադրվելու և ստանձնելու հանրային շահի սպասարկում նման բարձր պաշտոնում», - հարցեր հնչեցրեց Եգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG