Մատչելիության հղումներ

«Էսպիսի շարժում կառավարելը դա արդեն կառավարման ֆունդամենտալ փորձ է». Արմեն Գրիգորյան


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորողների հասցեին հնչող քննադատությունը, թե իրենք կառավարման փորձ չունեն, «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանն անհիմն է համարում։

Երեկ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ օգտատերերից մեկի հարցին, թե «Ձեր թիմից ովքե՞ր ունեն որևէ բնագավառում կառավարման փորձ։ Հաճախ է նշվում, որ Դուք չունեք կառավարման փորձ, Նիկոլ Փաշինյանը չունի կառավարման փորձ», Գրիգորյանը պատասխանեց. - «Իրականում սա հիմնավոր հարց չի կառավարման փորձի մասին ասելը։ Էսպիսի շարժում կառավարելը ֆունդամենտալ փորձ է։ Ունեցել է ամբողջ թիմն այդպիսի ունակություններ, որ կարողացել է 250 հազարանոց երթեր կամ հանրահավաքներ ղեկավարել, մարդկանց բերել էս իրավիճակի։ Լեգիտիմությունն ամենաֆունդամենտալ բանն է կառավարման համար։ Եթե դու ինչ-որ խոսք ես ասում, մարդիկ քեզ հավատում են, հետևում են քեզ, ապա դա ամենաֆունդամենտալ գործիքն է։ Հանրապետականը զրկված է եղել սրանից, և իրենք ինչ առաջարկել են, մարդիկ իրենց չեն հավատացել։ Հարթակից մինչև այս պահը հիմնականում ինչ գաղափարներ լսվում են, խնդիրն արագ լուծվում է, և մարդիկ հետևում են այդ գործողություններին։ Հիշում եք փակ համարներով ավտոմեքենաների խնդիրը։ Հարթակից մենք խնդրեցինք՝ Նիկոլը խնդրեց, որ մարդիկ հետևեն, հաջորդ օրը ամբողջովին կարգավորվեց, նույնիսկ ամբողջ ոստիկանությունը չէր կարողանում դա անել։ Սա ամենաֆունդամենտալ բանն է, որ երկիրը պետք է կառավարես, մարդիկ քեզ հավատան, քո խոսքին հետևեն»։

Օգտատերերից մեկի հարցին, էլ, որ «եթե ՀՀԿ-ն տապալի վարչապետի ընտրությունները, Ազգային ժողովը ցրվի և նոր ընտրություններ լինեն, իրենք [ՀՀԿ-ն] ղեկավարեն ընտրական հանձնաժողովը, բոլորիս հայտնի մեթոդով՝ խայտառակությամբ նորից կլինեն երկրի ղեկին, արդյո՞ք պլաններ կան դա կանխելու համար», Գրիգորյանը պատասխանեց. - «Ես նույնիսկ մինչև մայիսի 1-ը համոզված էի, որ ՀՀԿ-ն ընտրելու է, որովհետև ամենասովորական տրամաբանությունը հուշում էր, որ պետք չի գնալ ինքնասպանության։ Հաջորդ օրը տեսել եք, թե ինչ է ամբողջ երկրում տեղի ունեցել՝ ոչ միայն պարալիզացվել, այլ մարդիկ սկսել են այցելել իրենց տներ, դա ամենավատ բաներից մեկն է»։

Դիտարկմանը, թե դա քննադատվեց, որ «չեք զսպում, անձնական տիրույթ են անցնում», ընդդիմադիր գործիչն այսպես արձագանքեց. - «Նման բան չկա, պատգամավորները հանրային պատասխանատու են և պետք է պատրաստ լինեն, որ քաղաքացիները գալու են իրենցից պահանջեն, թե ինչո՞ւ իրենք հանրային կամքը չեն կատարել, որովհետև հանրությունը պահանջ է ունեցել, իսկ Սերժ Սարգսյանը՝ թաքնվելով Հանրապետականի հետևում, կատարել է մի քայլ, որը լրիվ դեմ էր հանրային կամքին, և այդ ամեն ինչը հայտնվում է ամբողջ հանրության առջև։ Եթե Սերժ Սարգսյանը ձգել է տասը օր, Կարեն Կարապետյանը երկու օր ձգեց, Հանրապետականը մոտավոր 22 ժամ ձգեց»։

Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, այսինքն՝ 35 պատգամավորների առաջադրած վարչապետի թեկնածուները:

Հայաստանի վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG