Մատչելիության հղումներ

Աղվան Վարդանյանը «զառանցանք» որակեց իր անվանն առնչվող «կոմպրոմատները»


Աղվան Վարդանյան, արխիվ
Աղվան Վարդանյան, արխիվ

«Ես իմ ելույթի ժամանակ հայտարարել էի, որ եթե կուսակցությունը չցանկանա, ես պատրաստ եմ վայր դնել իմ մանդատը, ինչն այսօր ադեն արել եմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, հավելելով՝ ինչ վերաբերում է վերջին իրադարձությունների հանդեպ իր վերաբերմունքին, «ապա այդ մասին իմ ելույթում ամեն ինչ ասված է»:

Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ավելի վաղ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին: Մայիսի 1-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղարը չէր մասնակցել քվեարկությանը, չնայած հանգամանքին, որ խմբակցությունը որոշել էր ընտրել առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Դրանից հետո ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը պահանջել է Վարդանյանից՝ վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը:

Այսօր լրագրողներից մեկի հիշեցմանը, թե «ձեզ սկսեցին մեղադրել, որ ժողովրդի հետ չեք», Վարդանյանը պատասխանեց․ «Ժողովուրդը նաև ես եմ»: Նա «զառանցանք» որակեց մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց՝ իր դեմ օգտագործել են «կոմպրոմատներ», որոնք վերաբերել են վերջինիս՝ սոցապ նախարարի պաշտոնում աշխատած տարիներին: «Մոռացեք, այդ ծրագրով պետությանը ոչ մի կոպեկի վնաս չի տրվել, այդ զառանցանքները վաղուց հերքվել են»,- արձագանքեց Աղվան Վարդանյանը:

Հարցին՝ ինչով եք զբաղվելու այժմ, նա հեգնական պատասխան տվեց․ «Զբաղվելու եմ Աղվան Վարդանյանի բուռն գործունեությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG