ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զգուշացրել է` չձախողել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և գերտերությունների միջև ձեռք բերված համաձայնությունը, եթե հնարավոր չի լինելու դրան համարժեք տարբերակ կնքել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ով դեռ նախընտրական շրջանից է քննադատում այդ գործարքը, եվրոպացի դաշնակիցներից պահանջում է մինչև մայիսի 12-ը շտկել այդ համաձայնագրի, իր համոզմամբ, սարսափելի թերությունները, հակառակ դեպքում սպառնալով վերականգնել պատժամիջոցները Իրանի հանդեպ:
Գործարքի մյուս կողմերը՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ռուսաստանն ու Չինաստանը, հորդորում են Վաշինգտոնին հավատարիմ մնալ փաստաթղթին, որով Թեհրանը համաձայնել է սահմանափակել միջուկային փորձարկումները՝ արևմտյան պատժամիջոցները վերացնելու դիմաց:
«Այդ համաձայնագիրը շատ կարևոր դիվանագիտական հաղթանակ էր, որն անհաժեշտ է պահպանել, սակայն կարծում եմ՝ կան ոլորտներ, որոնց շուրջ շատ կարևոր է իմաստալից երկխոսություն ծավալել, քանի որ այդ տարածաշրջանը գտնվում է շատ վտանգավոր իրադրությունում», - BBC-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: