Մատչելիության հղումներ

Ըստ վկաների՝ Գավառում երեկ փողոց փակելու համար երկու անձի են դանակահարել․ հարուցվել է քրգործ


Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի դանակահարելու դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ մայիսի 2-ին Գավառի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ 19-ամյա Դ. Ղարաբաղցյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած թափանցող վերք, աջակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ, 20-ամյա Տ. Հովհաննիսյանը՝ «աջ գոտկային շրջանի և աջ պարավերտեբրալ շրջանի ծակած կտրած թափանցող վերք և մակրոհեմատուրիա» ախտորոշմամբ։

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ»։

«Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները դանակահարվել են 2018 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Գավառ քաղաքի թիվ 9 դպրոցի մոտ գտնվող դաշտամիջյան հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ըստ վկաների ցուցմունքների՝ վիճաբանությունը կապված է եղել նույն օրը Գավառ քաղաքի Օգոստոս 23 փողոցը Դ. Ղարաբաղցյանի և Տ. Հովհաննիսյանի կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան թեք կանգնեցնելու, ճանապարհը փակելու և այլ մեքենայի ընթացքը խոչընդոտելու հետ», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG