Մատչելիության հղումներ

Առավոտից փակ են Երևանի Աճառյան, Մյասնիկյան պողոտաները


Ցուցարարները Երևանում փողոց են փակել, արխիվ

Այսօր առավոտից փակ են Երևանի Աճառյան, Մյասնիկյան պողոտաները մի քանի հատվածներում, ժամը 9-ից հետո այդ փողոցներում գրեթե չէին նկատվում երթևեկող մեքենաներ՝ բացառությամբ շտապ օգնության և արտակարգ իրավիճակների նախարարության ավտոմեքենաների, տասնյակ քաղաքացիներ քայլում էին դեպի քաղաքի կենտրոն։

Փակված խաչմերուկներում ակտիվիստներից փողոցը բացել պահանջող քաղաքացիներ հիմնականում չկային, իսկ ոտքով աշխատանքի գնացողները «Ազատության» հետ զրույցներում համերաշխություն էին հայտնում ցուցարարներին։

Փակ է Աբովյան փողոցը Կորյուն, Սայաթ-Նովա փողոցների հետ խաչմերուկներում։ Խաչմերուկները փակած ուսանողները վստահեցնում էին, որ իրենց դասախոսներից շատերը ևս միացել են գործադուլին, իսկ բուհերի լսարաններում դասեր գրեթե չկան։

Երեկ Ազգային ժողովում մոտ տասը ժամ տևած ելույթներից, հարցուպատասխանից հետո տեղի ունեցավ վարչապետի ընտրության հարցով քվեարկությունը։ Վարչապետի միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG