Մատչելիության հղումներ

«Մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք». Նիկոլ Փաշինյան


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բոլոր սցենարներով՝ համաժողովրդական շարժումը չի կարող չհաղթել։

«Ազատություն». - Պարոն Փաշինյան, ի՞նչ եք կարծում, սա տանում է յոթ օր հետո վարչապետի նոր ընտրությա՞ն, թե՞ կարծում եք, որ ավելի շուտ կարող է հանգուցալուծվել։

Նիկոլ Փաշինյան. - Դե յուրե պետք է վարչապետի նոր ընտրություն տեղի ունենա, կամ էլ եթե տեղի չի ունենում ընտրությունը, արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան։ Գիտեք, մենք վերլուծում ենք սցենարները և, համենայն դեպս, բոլոր սցենարներով՝ համաժողովրդական շարժումը չի կարող չհաղթել։ Տեսնում եք, թե ինչ է կատարվում, և այն ժողովուրդը, որ զգացել է հաղթանակի շունչը, այդ ժողովուրդը չի կարող ձեռքից բաց թողնել հաղթանակը։

«Ազատություն». - Նույնիսկ այն դեպքում, եթե Դուք մյուս շաբաթ էլ չընտրվեք, և իրենք անցկացնեն արտահերթ ընտրություննե՞րը։

Նիկոլ Փաշինյան. – Անկեղծությամբ եմ ասում՝ այն, ինչ էդ կաբինետներում, դահլիճներում տեղի է ունենում, դա արդեն էական չի, էականը սա է, էականը սա է, որ Հայաստանում ժողովուրդ-իշխանություն հին հարաբերություն էլ չի լինելու՝ կապ չունի ով կլինի՝ ես կլինեմ, ուրիշը կլինի, դրանք տեխնիկական հարցեր են, բայց իշխանություն-ժողովուրդ հին հարաբերությունը չկա այլևս և չի լինելու այլևս։ Եվ այն, որ դպրոցականներն են մասնակցում այս պրոցեսին, դա երաշխիք է, որ ոչ թե 10-20 տարի այդպես չի լինելու, այլ 100 տարի այդպես չի լինելու, իսկ որ 100 տարի այդպես չեղավ, այդ ավանդույթը հավերժ շարունակվելու է։ Այսինքն՝ Հայաստանի ժողովրդավարական ապագային որևէ բան չի սպառնում, ես դրանում համոզված եմ։

«Ազատություն». - Այնուամենայնիվ, նորից անդրադառնանք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ եթե ՀՀԿ-ն անցկացնի այդ ընտրությունները, այս սցենարին պատրա՞ստ եք։

Փաշինյան. - Այո՛, մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք, և յուրաքանչյուր սցենարի դեպքում ունենք մեր գործողությունների ծրագիրը։

«Ազատություն». - Պատրա՞ստ եք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի կազմակերպած ընտրություններին։

Փաշինյան. - Դա կախված կլինի մթնոլորտից, որովհետև, եթե էս պրոցեսն էս ծավալով է ընթանում, մենք ամեն օր իրավիճակի փոփոխություն ենք ունենում։ Վերջին 15 օրվա ընթացքում հանրապետությունում քաղաքական վիճակն ամեն օր փոխվում է և շուտով կփոխվի ամեն ժամ, և դա կախված կլինի իրավիճակի վերլուծությունից։

«Ազատություն». – Հիմա Ձեր մարտավարությունը՝ մինչև մյուս ընտրություն մեծացնել ճնշումը, ճի՞շտ եմ հասկանում։

Փաշինյան. - Մինչև իշխանափոխություն մեծացնել ճնշումը։

«Ազատություն». - Պարոն Փաշինյան, Դուք գտա՞ք այն հարցի պատասխանը, թե որն է սկզբունքային խոչընդոտը, որ չեն ցանկանում զիջել իշխանությունը։

Նիկոլ Փաշինյան. - Գիտեք, իրենք ուղղակի օգտվում են առիթից։ Նրանք քանի որ միայն բիրտ ուժն են հասկանում, ուրիշ որևէ բան կա՛մ չեն հասկանում, կա՛մ դժվար են հասկանում, նրանք մտածում են, որ եթե սիրո և հանդուրժողականության հեղափոխություն է, ուրեմն օգտվենք էդ սիրուց և հանդուրժողականությունից, մի չորս օր ավել նստենք մեր աթոռներին, երկրորդ խնդիրը՝ ես համոզված եմ, որ նրանց պահվածքը սադրիչ է՝ նրանք ուզում են մարդկանց ջղայնացնել, հունից հանել, բայց դա նրանց մոտ չի ստացվելու։ Երեկ անընդհատ խոսում էին սրացումներից, բախումներից, ի՞նչ բախման մասին է խոսքը՝ ժողովրդի 95 տոկոսը շարժման աջակից է, ո՞վ ո՞ւմ հետ է բախվելու: Հիմա էլ խոսում են, թե էսինչը սադրիչ խումբ է ուղարկել, բախումներ են հրահրում, ոչ մի բախում ոչ ոք չի կարող հրահրի, ամբողջ իրավիճակը 100 տոկոսով գտնվում է մեր վերահսկողության տակ։

Այդուհանդերձ Հանրապետականի երկու պատգամավորներ չենթարկվեցին խմբակցության որոշմանը՝ դեմ քվեարկել Փաշինյանին: Գրիգոր Ավալյանը դա արեց անուղղակի, չներկայացավ նիստին և հայտարարեց, որ վայր է դնում մանդատը, իսկ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի նախկին տեղակալ, Շիրակի նախկին մարզպետ գեներալ Ֆելիքս Ցոլակյանը կողմ քվեարկեց՝ հայտարարելով, թե խղճի թելադրանքով է ձայն տվել ժողովրդի թեկնածուին:

Նիկոլ Փաշինյան. - Էն, որ Ազգային անվտանգության ծառայության գեներալ-լեյտենանտը կողմ է քվեարկել իմ թեկնածությանը, դրանով իսկ տալիս է այն բոլոր հարցերի, իբր մտավախությունների պատասխանը, որ իմ վարչապետ ընտրվելը Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնալիք է ստեղծում: Ազգային անվտանգության ծառայության գեներալ-լեյտենանտը էդպես չի մտածում: Բա ո՞վ ա էդպես մտածում: Էդուարդ Շարմազանո՞վը:

«Ազատություն․ - Այսինքն սա ուղե՞րձ է այդ կառույցից:

Նիկոլ Փաշինյան․ - Չգիտեմ: Ես բարձր եմ գնահատում Ֆելիքս Ցոլակյանի քայլը:

Երեկ խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը անձամբ են ճնշումներ գործադրում բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա՝ չքվեարկելու ժողովրդական թեկնածուի օգտին: Քոչարյան - Սարգսյան տանդեմը, ըստ Փաշինյանի, համաժողովրդական ալիքը կասեցնելու և կրկին իշխանության վերադառնալու ծրագիր է մշակել․ - «Էդ 55 հոգուն կարող են ղեկավարել: Բացի էդ 55 հոգուց իրենք Հայաստանում ոչ մի բան չեն ղեկավարում: Եվ ես շատ դրական եմ համարում Ռոբերտ Քոչարյանի ներգրավվելը պրոցեսում, որովհետև դա ավելի է մեծացնում մեր հեղափոխության ծավալը: Ինչքան Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ակտիվանան, էնքան կմեծանա մեր հեղափոխության ծավալները»:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այսօր ինքը ստիպված եղավ ոտքով հասնել պայմանավորված հանդիպմանը, շրջափակված փողոցները չբացվեցին անգամ ընդդիմադիր գործչի առջև:

«Սկզբունքը հարգում եմ: Եթե ոչ մեկ չի կարող տեղաշարժվել, ուրեմն ես էլ պիտի ոտքով գնամ», - ասաց նա:

Երեկ Ազգային ժողովում մոտ տասը ժամ տևած ելույթներից, հարցուպատասխանից հետո տեղի ունեցավ վարչապետի ընտրության հարցով քվեարկությունը։ Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG