Մատչելիության հղումներ

NDI-ի հարցումներ․ Վրաստանցիների ամենամեծ՝ 31 տոկոսը պաշտպանում է իշխող կուսակցությանը


Վրաստան - «Վրացական երազանք»-ի կողմնակիցները տոնում են հաղթանակը Թբիլիսիի քաղաքային իշխանությունների ընտրություններում, հոկտեմբեր, 2018թ․

Ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտը NDI հրապարակել է Հայաստանի հարևան Վրաստանում պարբերաբար, եռամսյակը մեկ անցկացվող սոցհարցումների վերջին արդյունքները:

Հարցվածների թվում ամենամեծ՝ 31 տոկոսը կազմում են իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը պաշտպանողները, որոնք հարցին՝ «Եթե վաղը խորհրդարանական ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեք», պատասխանել են՝ «Վրացական երազանք»-ին: 9 տոկոսը ասել է, որ ձայն կտան Ազգային միացյալ շարժմանը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությանը, իսկ 5 տոկոսը՝ «Եվրոպական Վրաստան»-ին՝ քաղաքական ուժ, որ հիմնել են Սաակաշվիլիի կուսակցությունից հեռացած գործիչները:

Բայց, միաժամանակ, իշխանության գործունեությունը լավ է գնահատել հարցվածների 14 տոկոսը, վատ՝ 33 տոկոսը, մեծամասնությունը՝ 52 տոկոսը իշխանության աշխատանքին միջին գնահատական է տվել:

Նշենք, որ «Վրացական երազանք»-ի քաղաքական խորհուրդը երեկ նիստ է անցկացրել, կազմում փոփոխություններ են տեղի ունեցել, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին ընդգրկվել է քաղխորհրդի կազմում և ընտրվել ղեկավար: Առաջիկա օրերին համագումարում նա կդառնա նաև կուսակցության նախագահը: Իվանիշվիլիի քաղաքականություն վերադարձը պարզաբանվում է «Վրացական երազանք»-ը ամրապնդելու ձգտումներով:

Վերադառնանք NDI-ի հարցումներին: Արտաքին քաղաքականություն: Եվրոպական ուղղությունը գերիշխում է ու ավելի շատ համակիրներ գրավում: Վրաստանցիների 75 տոկոսը պաշտպանում են Եվրամիությանը միանալու՝ կառավարության հայտարարած նպատակը: Անցած դեկտեմբերին նրանք 72 տոկոս էին կազմում: Եվրամիությանը անդամակցելու ամենաքիչ կողմնակիցները ազգային փոքրամասնությունների բնակության շրջաններում են՝ 50 տոկոսը:

ՆԱՏՕ-ին անդամակցելը պաշտպանում են վրաստանցիների 65 տոկոսը: Նախորդ հարցումների համեմատ, նման կարծիք ունեցողների թիվը 1 տոկոսով աճել է:

Անվտանգության առումով, հարցվածների մեծամասնությունը սպառնալիք է համարում Ռուսաստանը, իսկ Միացյալ Նահանգները ընկալում է որպես անվտանգության երաշխավոր:

71 տոկոսն ասել են, որ Վրաստանը իրենց տունն է և չեն պատրաստվում լքել երկիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG