Մատչելիության հղումներ

Ամբողջ Հայաստանը գտնվում է Հայաստանի հանրապետության քաղաքացիների լիակատար իշխանության և վերահսկողության ներքո, երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովում մոտ տասը ժամ տևած հարցուպատասխանից հետո տեղի ունեցավ վարչապետի ընտրության հարցով քվեարկությունը։ Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

«Արդեն ամրագրված է՝ սա ուրիշ Հայաստան է և այս Հայաստանում մնացել է ընդամենը 50 աթոռ Բաղրամյան 19 հասցեում դրված, մնացած ամբողջ Հայաստանը գտնվում է Հայաստանի հանրապետության քաղաքացիների լիակատար իշխանության և վերահսկողության ներքո։ Հանրապետական խմբակցության պահվածքն ուներ բացառապես պրովոկացիոն բնույթ, նրանք անընդհատ ուզում էին հասնել նրան, որ ժողովուրդը և նրա թեկնածուն նյարդայնանան, ափերից դուրս գան, պրովոկացիոն քայլեր անեն, գրոհներ կազմակերպեն, բայց մենք, սիրելի ժողովուրդ, դիակապտությամբ չենք զբաղվում, քաղաքական այդ մեռելը, որ կոչվում է Հանրապետական կուսակցություն և խմբակցություն ընդհանրապես արժանի չեն մեր ուշադրությանը։ Եվ եթե խոսք է գնում բանակցությունների մասին, պաշտոնապես հայտարարում եմ, որ բանակցությունները կարող են վերաբերել միայն ու միայն Հանրապետական կուսակցության քաղաքական հուղարկավորությանն և հոգեհացին», - հայտարարեց Փաշինյանը։

Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ նույնիսկ կես միլիմետր հետ քայլ անելու տարբերակ և հնարավորություն չունեն։

«Ես ուզում եմ հստակ մենք գնահատենք տեղի ունեցածը՝ Հանրապետական խմբակցության քվեարկությունն ունեցել է և ունենալու է նույն էֆեկտն, ինչ ունեցավ մեր առևանգումը Արցախի փողոցից և Էրեբունի փողոցից։ Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք, որ մենք հետքայլ անելու նույնիսկ կես միլիմետր հետքայլ անելու տարբերակ և հնարավորություն չունենք», - հայտարարեց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG