Մատչելիության հղումներ

Դուք ուղղակի չեք կարող պատասխանատվությունը ստանձնել, որպես Գերագույն հրամանատար․ Կորյուն Նահապետյան


Հանրապետական պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը այսօր Ազգային ժողովում դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հայտարարեց, որ վերջինս չի կարող ստանձնել Գերագույն հրամանատարի դերը, քանի որ չի տիրապետում դրա համար անհրաժեշտ իրավական կարգավորումներին:

Նահապետյանը նախ հարց ուղղեց Փաշինյանին․ - «Դուք արդեն նշեցիք, որ ընտրվելու դեպքում հանդես եք գալու նաև Գերագույն հրամանատար: Ուզում եմ հատուկ նշել, որ դա միայն պատերազմի ժամանակ: Խաղաղ ժամանակ Դուք չեք ունենալու այդպիսի իրավունք: Եվ բնական է՝ ոչ միայն ինձ, այլ նաև մեր երկրի անվտանգության համար մտահոգ մեր բազմաթիվ հայրենակիցների մտահոգում է Ձեր կարողությունը, Ձեր պատրաստվածությունը, պաշտպանության և անվտանգության համակարգի Ձեր իմացությունը»:

Ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․ - «Ճիշտն ասած Ձեր հարցը զարմացնում է: Ես հիմա, ի գիտություն Ձեզ, ռազմագիտության 9-րդ դասարանի քննություն չեմ հանձնում և Դուք էլ պաշտոնաթող ենթասպա չեք, որ հիմա դպրոցում ռազմագիտության դաս եք տալիս: Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ: Հայաստանի Հանրապետությունում կա Գլխավոր շտաբ: Հայաստանի Հանրապետությունում կա Պաշտպանության նախարարություն: Գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի դեպքում որոշումներ կայացնում է համապատասխան ինստիտուտների կարծիքը լսելով»:

Ի պատասխան՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հակադարձեց․ - «Խորը ափսոսանք պետք է հայտնեմ, որ տվյալ դեպքում Դուք չեք տիրապետում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ Պաշտպանության մասին օրենքին և ես Ձեր փոխարեն այդտեղ կանգնած չեմ, որպես վարչապետի թեկնածու, որ ամբողջական և սպառիչ պատասխանեմ, թե այդ իրավիճակում ինչպես կվարվեի, որպես վարչապետ: Ցավում եմ, որ Դուք ուղղակի չեք կարող այն հիմնական բեռը և պատասխանատվությունը ստանձնել, որպես Գերագույն հրամանատար, որովհետև Դուք չգիտեք այն հիմնական իրավական կարգավորումները: Ով պետք է որպես վարչապետ ղեկավարի, նրան մոլորության մեջ է գցելու և՛ պաշտպանության նախարարը, և՛ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Նրանք Ձեզ ներկայացնելու են մի իրավիճակ, Դուք չեք իմանալու, թե ինչ գործառույթներ ունեք իրականացնելու»:

«Ես գայթակղության չեմ տրվի և Ձեզ հարցեր չեմ տա երթևեկության կանոնների մասին, որովհետև Դուք, իսկապես ցավում եմ, որ շարունակում եք աչքի ընկնել գերազանցիկի եռանդով», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն. ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG