Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի դատախազությունը երեկ ընդդիմադիրներ Լյուբով Սոբոլին և Ալեքսեյ Նավալնիին նախազգուշացում է ուղարկել Տվերսկայա փողոցում մայիսի 5-ին նախատեսված բողոքի ակցիայի կապակցությամբ։ Դատախազությունը զգուշացրել է, որ հավաքն անօրինական է։
«Ակցիայի մասնակիցները ենթարկվելու են Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության», - ասված է նախազգուշացման մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Նավալնին Մոսկվայի իշխանություններին ինչպես կարգն է տեղեկացրել էր մայիսի 5-ին Տվերսկայա փողոցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 4-րդ երդմնակալության նախօրեին «Նա մեր ցարը չէ» կարգախոսով բողոքի երթ անցկացնելու մասին։
Մոսկվայի իշխանությունները Տվերսկայա փողոցի հանրահավաքը չեն արտոնել, փոխարենը Նավալնիին առաջարկել են հավաքն անցկացնել Սախարովի պողոտայում։ Նավալնին մերժել է առաջարկը՝ նշելով, թե պատրաստ է քննարկել Մոսկվայի փոքր կենտրոնում մի որևէ այլ փողոց։
Նավալնին հայտարարում է, որ երթն այդուհանդերձ կայանալու է։ Ավելին՝ նա նշել է, որ պատրաստվում են բողոքի երթ անցկացնել նաև Ռուսաստանի մի շարք քաղաքներում։
Հավելենք, որ երեկ Մոսկվայի Սախարովի հրապարակում Նավալնին մասնակցել է «Տելեգրամ» մեսինջերի արգելափակման դեմ ուղղված բողոքի հավաքին, որին 8-12 հազար մարդ է եղել։
Ընդդիմադիր գործիչը երեկվա ակցիայի ժամանակ հակապուտինյան ելույթ է ունեցել, մասնավորապես՝ բեմից վանկարկել է՝ «Կորչի՛ ցարը»։
Հիշեցնենք, 2012 թվականի մայիսին՝ Պուտինի երդմնակալության ժամանակ, Մոսկվայում Բոլոտնայա հրապարակում բախում էր տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, մի քանի տասնյակ մարդ էր ձերբակալվել, 30-ի դեմ քրեական գործեր էր հարուցվել։
Այս օրերին Ռուսաստանցի լիբերալներն ակտիվ քննարկում են հայկական թավշյա հեղափոխությունը։ Փորձագետները, սակայն, նկատում են, որ այդուամենայնիվ բողոքի ակցիաները կարգավորող ռուսաստանյան օրենսդրությունն ավելի խիստ է, քան հայաստանյանը։